ԵԽ զեկույց. Հայաստանում դատավորները քիչ են ու նրանց աշխատավարձն ամենաբարձրն է
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Եվրոպական երկրներում դատական համակարգի արդյունավետության ու որակի մասին զեկույցը, որում ներկայացված են ԵԽ անդամ 47 երկրներից 45 երկրի վերաբերյալ տեղեկատվություն (բացի Սան Մարինոյից ու Լիխտենշտեյնից) ու հիմնված է մինչև 2016թ.-ի տվյալների հիման վրա։
Զեկույցն անդրադառնում է երկրներում դատական համակարգին վերաբերող վիճակագրական տվյալներին՝ դատական համակարգի բյուջե, մեկ շնչին բաժին ընկնող դատավորների, դատախազների, իրավաբանների թվաքանակ, դատական համակարգում կանանց ներկայացվածությանը։
Զեկույցում Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների մեջ ասվում է, որ Հայաստանի դատական համակարգում մեկ շնչին բաժին է ընկնում ամենացածր բյուջետային հատկացումը՝ 8.4 եվրո։ Այն 8 անգամ ցածր է միջինից՝ 64.5 եվրո, ու 25 անգամ ցածր՝ մաքսիմում բյուջեից, որն առկա է Շվեյցարիայում՝ 214 եվրո։
Հայաստանը նաև այն երկրների շարքում է, որտեղ 100 հազար բնակչին բաժին է ընկնում ամենաքիչ թվով պրոֆեսիոնալ դատավորներ՝ 7.7, իսկ եվրոպական միջին ցուցանիշը 21-ն է։
Հայաստանում դատավորների աշխատավարձը միջինից բարձր է։ Դատավորներն իրենց կարիերայի սկզբում ստանում են ավելի քան 4 անգամ ավելի աշխատավարձ, քան միջին աշխատավարձն է, իսկ կարիերայի ավարտին՝ միջինից 8 անգամ բարձր աշխատավարձ։
Եվրոպական միջին ցուցանիշի տարբերությունը կարիերայի սկզբում ու վերջում կազմում է 4.5։
2016թ.-ին Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձն ամենաբարձրն է ազգային միջինից՝ 8.1 անգամ, այնինչ Անգլիայում 7.5, Իտալիայում 6.4, Շոտլանդիայում 6.2 անգամ։
Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 61.9 իրավաբան, ինչը եվրոպական միջինից ցածր է 2 անգամ։ Ամենաբարձրը Կիպրոսում է՝ 100 հազարին 425 իրավաբան։
Հայաստանում 100 հազար բնակչից դատապարտվում է 11-ը, որը համեմատելի է եվրոպական 12 միջին ցուցանիշին։
Հայաստանի դատական համակարգում կանանց ներկայացվածությունը ցածր է՝ 25 տոկոս, համեմատած եվրոպական միջինի հետ, որը կազմում է 51 տոկոս։ Սակայն Հայաստանում բարձր է նոտարական համակարգում կանանց թիվը, որը կազմում է 71 տոկոս։
Միայն Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում ու Իսպանիայում է, որ դատական ծախսեր չկան։ Հայաստանում դատական ծախսերը կազմում է դատական համակարգի բյուջեի 16 տոկոսը։ Եվրոպական միջին ցուցանիշը 19 տոկոս է։
Մեկ շնչին տրվող իրավական օգնության բյուջեն Հայաստանում կազմում է 0.25 եվրո, որը ևս ամենացածր ցուցանիշներից է։ Եվրոպական միջինը կազմում է 6.96 եվրո։