Անդրկովկասում միակ մեգալիթյան հուշարձանը «Զորաց քարեր»-ն են
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում 2014 թվականից կատարվում են պեղումներ։ Panorama.am-ը հետաքրքրվեց Ա. Փիլիպոսյանից, թե որքանո՞վ է անհրաժեշտ պեղումների անցկացումը կոնկրետ այդ հուշարձանում, արդյո՞ք չկան այլ հուշարձաններ, որոնք հրատապ ուսումնասիրության կարիք ունեն։
«Զորաց քարերը ողջ Անդրկովկասում միակ, եզակի մեգալիթյան հուշարձանն է։ Այն հնագիտական առումով ուսումնասիրված չէ։ Մեր աշխատանքը հուշարձանը ուսումնասիրելն է։ Ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ շահարկել ու կապել Պարիս Հերունու հետ։ Նա իր աշխատանքը արել է, վաստակաշատ գիտնական է, իր տեսակետն ունի։ Մեր աշխատանքը միտված չէ նրան վատաբանելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք փորձում են պեղումների միջոցով հնագիտորեն ներկայացնել հուշարձանը, պեղումների ընթացքում հետաքրքիր նյութեր են հայտնաբերվել։
Հարցին, թե համացանցում հրապարակված լուսանկարներում երևում է, որ հուշարձանի տարածք տեխնիկա է մտցված, արդյո՞ք չի վնասի հուշարձանին, Ա. Փիլիպոսյանն ասաց. «Միանշանակ, որևէ վնաս չի լինի հուշարձանին։ Եթե հողը մաքրելուց հետո դամբարանի մեջ ընկած մեկ կամ կես տոննանոց քար կա, ինչպես պետք է հեռացվի։ Անհնար է, որ մարդիկ բարձրացնեն։ Կռան է բերվել, ոչ թե տրակտոր, որպեսզի ճոպանով զգուշությամբ բարձրացվի»։
Նա ասաց, որ պեղումների համար իրենց գումար է տալիս ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, իսկ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը տալիս է թույլատվություն պեղումներ կատարելու համար։ Ա. Փիլիպոսյանը նշեց, որ գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրված գումարներով պեղումներ են իրականացնում Օձաբերդում, Մեծամորում, Զորաց քարերում։ Այս տարի Զորաց քարերի պեղումների համար օգտագործել է 3 միլիոն դրամ։
Նշենք, որ դեռևս անցած տարի պեղումների ավարտից հետո Ա. Փիլիպոսյանը ասել էր, որ խնդիր կար հնագիտական, համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելիությունը, մշակութային փոփոխությունները, որոնք այստեղ տեղի են ունեցել, հիմնականում այն դամբարանում, որն առավել վիճահարույց է, երբեմն այն հորջորջվում է որպես աստղադիտարան։ Նա նշել էր, որ սեղանին իրենք դնում են կոնկրետ փաստ, իսկ աստղադիտարանի ոչ խողովակն են գտել, ոչ գործիքները. «Այդ քարերի վրայի անցքերը փորված են երկու կողմից: Ո՞ր կողմից են նայել աստղերին. եթե մի կողմից ենք նայում, այլ համաստեղություն ենք տեսնում, եթե հակառակ կողմից՝ բոլորովին այլ համաստեղություն: Հիմա որի մասին ենք մենք խոսում»։
Հնագետի խոսքով, Պարիս Հերունին նշում է, որ քարերը կամ աստղագիտական ուսումնասիրության գործիքները 7500 տարի առաջ են կառուցել:
«Երեք տարվա ընթացքում ուսումնասիրել ենք 8 հեկտար տարածք: Այն ամենն, ինչ ունենք ձեռքի տակ, ամենահին իրը մ.թ.ա. 20-19-րդ դարերի խեցու բեկորներ են, շուրջ 4000 տարեկան են, եթե հաշվում ենք մեր ժամանակվանից»,- ասել էր Ա. Փիլիպոսյանը:
Հնագետը նշել էր, որ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում գտնվող անցքավոր քարերը սկզբնապես եղել են դամբարանի ծածկասալեր, որոնք երկրորդ անգամ օգտագործվել են պատը կառուցելու համար, անցքերը տեղափոխման համար են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից
- «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
- «Զորաց քարեր»-ում վերսկսվել են պեղումները
- «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հայտնաբերվել են նոր քարեր
- Համալրվել է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հավաքածուն
- «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին