Մակրոնը եռանախագահության համատեղ տեսակետը ևս մեկ անգամ կներկայացնի Բաքվին. Դավիթ Բաբայան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Ըստ ռուսական աղբյուրների՝ այցի ընթացքում նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկում։
Թե ինչպես է գնահատում պաշտոնական Ստեփանակերտը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի այցը Ադրբեջան, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
Վերջինս նախ նշեց, որ Ֆրանսիան և Ադրբեջանը, անկախ ամեն ինչից, սուվերեն երկրներ են և բնականորեն ցանկանում են զարգացնել երկկողմ հարաբերությունները։
«Այստեղ մենք միջամտելու անհրաժեշտություն չունենք, քանի որ այդ երկու երկրներն իրենք են որոշում իրենց հարաբերությունները։ Երկրորդ, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահող երկիր, շատ լուրջ դերակատարություն ունի, և մենք հատուկ հետաքրքրություն ունենք այս այցի մեջ։ Համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության համատեղ տեսակետը ևս մեկ անգամ կներկայացնի Բաքվին։
Իսկ եռանախագահությունը, այդ թվում՝ պաշտոնական Փարիզը, հետամուտ են լինում Արցախյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության կողմնակից հանդիսանում։ Հետևապես մենք ողջունում ենք նման քննարկումները, և այն, որ պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ կիրազեկվի եռանախագահության հավաքական մոտեցմանը»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանը չբացառեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մյուս շաբաթ նաև Հայաստան ծրագրված պետական այցը կարող է լավ հնարավորություն դառնալ՝ մինչև տարեվերջ կայանալիք Զոհրաբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ևս մեկ անգամ քննարկելու Արցախյան հիմնահարցը։
«Բոլորն էլ լավ են հասկանում հակամարտության բարդությունները, և ևս մեկ անգամ կարևորվելու է բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու կարևորությունը։ Կարևոր է ամեն անգամ կրկին անդրադառնալ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան