«ԴիջիԹեք 2018». ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը
Երևանում այսօր մեկնարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ ԴիջիԹեքը: «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը կրող 14-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև, ընդլայնել միջազգային համագործակցությունը, ներկայացնել հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերը, ծանոթացնել ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին ու հեռանկարներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը միջոցառման բացմանը նշեց, որ ԴիջիԹեքն ամեն տարի միավորում է հայաստանյան և միջազգային ՏՏ ոլորտի առաջատարներին և հասարակությանն է ներկայացնում շուկայի վերջին նորարարությունները: Ըստ նրա՝ այստեղ ներկայացված ընկերությունների գերակշիռ մասն աշխատում են իրական ոլորտում և իրենց արտադրանքն արտահանում են արտերկիր: Նախարարի խոսքով՝ նման ցուցահանդեսներին մարդիկ պետք է գան իրենց ընտանիքներով, երեխաներն այս ցուցահանդեսով ևս պետք է տեսնեն իրենց ապագան:
«Դիջիթեքին մաղթում եմ նորանոր հաջողություններ և բոլորին կոչ եմ անում, որ իրենց զբաղված գրաֆիկից գոնե մեկ ժամ տրամադրեն Դիջիթեքին, տեսնեն տեխնոլոգիական ոլորտի նորագույն նվաճումները, տեսնեն իրենց ապագան»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց՝ միշտ եղել են Դիջիթեքի կողքին և համատեղ ուժերով հասել են նրան, որ ՏՏ Համաշխարհային կոնգրեսն 2019 թ. կանցկացվի Հայաստանում:
Նրա խոսքով՝ Դիջիթեքի հարթակը բոլորի համար հավասար է, ցանկացած ընկերություն՝ մեծ, թե փոքր, փորձառու թե անփորձ, այստեղ ներկայացնում է իր լուծումներն ու մտքերը:
Հայկ Եսայանը անդրադարձավ նաև տարբեր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, որտեղ երեխաները սովորում են ռոբոտաշինության հիմնական սկզբունքները, մշակում են սեփական ռոբոտներն ու նախագծերը: «Այդ երեխաների ստեղծած արժեքով դեռ շատ հպարտանալու առիթներ ենք ունենալու»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing, Keysight Technologies, Shtigen և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է: Անցկացվում են նաև բազմաթիվ ԴիջիԼայֆ սեմինարներ:
Այպիսով, ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:
Այս տարվանից սկսած՝ ԴիջիԹեք տեխնոտոնը համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, կգրանցի այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար:
ԴիջիԹեք 2018-ի շրջանակում, որը կրում է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը, կմեկնարկի նաև Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. hոկտոմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԴիջիԹեքի պատվավոր այցելուների թվում են նաև Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահն ու քարտուղարը, ինչպես նաև WITSA տնօրենների խորհուրդի անդամները շուրջ 40 երկրից: Նրանք ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին, հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար: