Կյանքը, երբ դպրոցի միակ առաջին դասարանցին ես
Վեցամյա Նարինեն արդեն հասցրել է շատերի ուշադրությունը գրավել։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ծափաթաիղ համայնքի դպրոցի միակ առաջին դասարանցին է։
«Ինչքան մտնում եմ դասարան, միշտ ժպիտով նստած է։ Շատ աշխույժ, ճարպիկ երեխա է: Դպրոցում բոլորը սիրում են նրան»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է դպրոցի տնօրեն Պարգև Հակոբյանը։
Նարինե Միրզոյանի շնորհիվ Ծափաթաղի դպրոցը հայտնվել է թե հասարակության, թե մարզպետարանի, թե բարերարների ուշադրության կենտրոնում։
«Նրանց ընտանիքը մեր համայնք է տեղափոխվել Փոքր Մասրիկից։ Եթե չգային, առաջին դասարանցի ընդհանրապես չէինք ունենա։ Նարինեի շնորհիվ է, որ հիմնովին վերանորոգվեց այն դասասենյակը, որտեղ անցնում է իր և երկրորդ դասարացիների դասապրոցեսը։ Դասասենյակը վերանորոգվեց կանադահայ բարերարի օգնությամբ»,- ասաց տնօրենը։
Աշակերտուհու դասղեկը՝ Սուլթանիկ Բաղյանն էլ, ջանք չի խնայում, որ երեխան իրեն լավ զգա, սիրով գա դպրոց և որ ամենակարևորն է՝ լավ սովորի։
«Դասերը կոմպլեկտավորված են անցնում՝ երկրորդ դասարանի երկու աշակերտների հետ։ Նարինեն հարմարվել է, մտերմացել մյուս աշակերտների հետ։ Սիրով է դպրոց հաճախում։ Նրա մոտ բանավոր խոսքը շատ զարգացած է, աշխույժ է, ընկերասեր, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, լավ կսովորի ու լավ օրինակ կծառայի իրենից փոքր երեք եղբայրների համար»,- մեզ հետ զրույցում ասաց դասվարը։
Նա նաև նշեց, որ տառաճանաչ դառնալուց հետո անպայման Այբենարանի շատ գեղեցիկ հանդես է կազմակերպելու իր աշակերտուհու համար։
Ծափաթաղի դպրոցում աշակերտների ընդհանուր թիվը ներկայումս 16 է։ Տնօրենի խոսքով՝ եղել են տարիներ, երբ դպրոցն ընդհանրապես առաջին դասարանցի չի ունեցել։
Նշենք, որ այս համայնքի դպրոցը միակը չէ, որտեղ մեկ առաջին դասարանցի է հաճախում, նման դպրոցներ կան Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու դպրոցներում, ավելին՝ նշված մարզերում կան դպրոցներ, որոնք ընդհանրապես առաջին դասարանցիների չունեն կամ դպրոցում ընդամենը երեք աշակերտ ունեն։
Ահա այս փոքրիկներն են, որ այսօր հասարակության, պատկան մարմինների ու բարերարների ուշադրության կենտրոնում պետք է պահեն դատարկվող ու ծերացող գյուղերը։
Լուսանկարը՝ Ծափաթաղի դպրոցի։
Հարակից հրապարակումներ`
- Երբ առաջին զանգը հնչում է մեկ աշակերտի համար
- Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրեն. «Աշակերտների թվի նվազման միտում կա»
- «Ամենայուրօրինակ դասարանն ունեմ». այգեպարցի երկվորյակների դասվար
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին