ՄԱԿ-ը մեկնաբանել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը
2018թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են սեռական բռնության դեմ պայքարող երկու մարտիկներ, ովքեր արժանի են այդ մրցանակին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
Եզդի Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգն արժանացել են Խաղաղության նոբելյան մրցանակի «սեռական բռնության դեմ պայքարի իրենց ջանքերի համար՝ որպես պատերազմի ու զինված հակամարտությունների զենք»։
«Դժվար է պատկերացնել երկու ավելի արժանի խաղաղության Նոբելյան մրցանակակիրների, քան Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգը։ Դա երկու մարտիկների խորապես վաստակած գնահատումն է, խիզախ, համառ մարդկանց, որոնք արդյունավետ պայքարել են սեռական բռնությունների և բռնաբարությունները պատերազմի ժամանակ որպես զենք օգտագործելու դեմ»,- ասել է նա։
Գերագույն հանձնակատարը նշել է, որ բոլոր իրավապաշտպանները ողջունում են Մուրադին և Մուկվեգին։ Նա շնորհակալություն է հայտնել դափնեկիրներին կատարած աշխատանքի համար, նշելով, որ կարևոր է ավելի շատ մարդիկ ներգրավվեն կանանց իրավունքների պաշտպանության գործում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն մասնագիտացված է խմբակային բռնաբարության զոհերին օգնության ցուցաբերելու մեջ։ Փանզի հիվանդանոցի հիմնադիրն է։ Նա փրկել է հազարավոր կանանց։ Բժիշկ Դենիս Մուկվեգեն 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է։ Հայաստանում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ նա ասել էր.
«Աշխատում էի մանկաբույժ, սակայն հասկացա, որ հնարավոր չէ միայն աշխատել երեխաների հետ, որոնց մայրերը մահանում են: Սկսեցի աշխատել որպես գինեկոլոգ-մանկաբույժ: Նոր էի աշխատանքի անցել, իմ առաջին հիվանդը եղավ մի կին, ով խմբակային բռնաբարության էր ենթարկվել, այնուհետև կրակել էին նրան վրա: Կարծեցի՝ ինչ-որ պատմություն է, հետո արդեն մի քանի ամսում նման վիճակում հայտնված տասնյակ կանանց բուժեցի: Արդեն դաժան բռնաբարված 50 հազար կանանց ու աղջիկների եմ բուժել:
Աշխատանքը, որը մենք անում ենք, տրավմատիկ է: Բազմիցս եմ ունեցել զգացողություն, որ հասել եմ իմ հնարավորությունների վերջին: Կանայք են ինձ ուժ տալիս: Երբեմն այնպիսի լուրջ վնասվածքով են գալիս, որ ուզում եմ լաց լինել: Հարց եմ տալիս ինձ՝ ինչպե՞ս եմ առաջ գնալու, երբեմն նույնիսկ զարմանում են, թե ինչպես կարող են այդ կանայք վերականգնեն իրենց կյանքը որպես կին: Վիրահատությունից հետո երբ արթնանում են, առաջին հարցը տալիս են՝ ինչպես են երեխաները:
Այդ կանանց ուժն է ինձ ուժ տալիս շարունակել աշխատել»:
Իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, գտնվել սեռական ստրկության մեջ։ Նրան հաջողվել է փախչել Գերմանիա։ Այսօր նա հասարակական աշխատանք է ծավալում՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով սեռական բռնության զոհերի վրա։
Նադիա Մուրադը 2016թ.-ին ժամանել էր Հայաստան ու մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Panorama.am-ի հետ զրույցում ահաբեկիչներից փրկված Մուրադն ասել էր, որ պատրաստվում է ամեն ինչ անել` կանանց փրկելու համար. «Ես ինքս էլ փորձում եմ իմ ժողովրդի ձայնը բարձրացնել տարբեր հարթակներում որ այդ անխիղճ ԴԱԻՇ-ի դեմն առնեն: Դրա համար ես այսօր այստեղ եմ` Հայաստանում, շատ ուրախ եմ, որ ձեր շրջապատում եմ, քանզի դուք ավելի լավ կիմանաք մեր ցավը, դուք էլ հարյուր տարի առաջ ցեղասպանություն եք ապրել: Եվ ես կարծում եմ, որ եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ճանաչվեր, ապա Շանգալի ցեղասպանությունը չէր լինի»։
Հարակից հրապարակումներ`
- 2016թ.-ին Հայաստան ժամանած Նադիա Մուրադն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի
- Նադիա Մուրադը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին
- Աշխարհը մեր կարիքն ունի. «Ավրորայի» հավակնորդները՝ մարդասիրության մասին
- Սախարովի մրցանակին են արժանացել ԻՊ գերությունից փախած Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ԻԼԻՊ-ից փախած եզդի Նադիա Մուրադը
- Ամալ Քլունին կպաշտպանի եզդի կնոջ՝ Նադիա Մուրադի շահերը
- Ես նրանց ձայնն եմ. ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
- Գինեկոլոգը դարձել է Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի դափնեկիր