ՊԵԿ. Գվատեմալուհին ու ղազախուհին փորձել են Երևանով թմրանյութ տեղափոխել Թուրքիա
Օտարերկյա քաղաքացիները Սան Պաոլո-Դուբայ-Երևան ճանապարհով փորձել են խոշոր չափի թմրանյութ տեղափոխել Թուրքիա: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ու մանրամասնում, որ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Դուբայից Երևան ժամանած Գվատեմալայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ գվատեմալուհի Է. Ագիլար Օնդինա Լիսետի նկատմամբ իրականացրած մաքսային հսկողության արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են 4 մետաղական տարա՝ մոտ 3,5 կգ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող հեղուկ զանգվածով։
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եզրակացության համաձայն, հայտնաբերված զանգվածը «կոկաին» տեսակի թմրանյութ է։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գվատեմալուհին թմրանյութը Հայաստան է տեղափոխել Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքից: Մաքսանենգ ապրանքը նա պետք է փոխանցեր Երևանի հյուրանոցներից մեկում նախապես վարձակալած սենյակում կամ հարակից տարածքում՝ իրեն անհայտ անձնավորության։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 3-ին ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել Ղազախստանի քաղաքացի Ե. Կոլտիշևան, ով նույն օրը Թուրքիայից ինքնաթիռով ժամանել էր Հայաստանի Հանրապետություն՝ թմրանյութը ստանալու և Թուրքիա տեղափոխելու նպատակով։
«Քրեական գործի շրջանակում օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված հնարավոր այլ անձանց և թմրանյութի պատվիրատուին բացահայտելու նպատակով»,-հայտնում են ՊԵԿ-ից։