Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգի ու ծափահարությունների ներքո շանսոնյեի հարգանքի արարողությունն ավարտվեց
13։12
Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողությունն ավարտվեց զինվորական նվագախմբի կատարմամբ շանսոնյեի «Emmenez moi» (Տարեք ինձ) երգի հնչյունների ու բարձր ծափահարությունների ներքո։
13։04
Կրկին հնչում է «Մարսելյեզ»-ը։
13։00
Այս պահին հարգանքի խոսք է հնչեցնում Էմանուել Մակրոնը. «Ազնավուրը մեր կյանքն ավելի լավը դարձրեց տասնամյակներ շարունակ։ Ազնավուրը դարձավ Ֆրանսիայի դեմքը, նրա երգերը, բառերը ազդեցություն ունեցան մեր սրտերում։ Բոլորը լավ գիտեն Ազնավուրի երգերի բառերը։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր Ազնավուրը, երգեր, որ ամենասիրելին են։ Ազնավուրը հավատարիմ էր իր ծնողներին, ընտանիքին, Հայաստանին, ում զավակն էր։ Նա պետք է մեզ հետ լիներ մյուս շաբաթ Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Ազնավուրի բացակայությունը մեծ ճեղք կթողնի մեր սրտերում։ Ազնավուրը պոետ էր, ով երբեք չի մահանա»։
12։43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին հաջորդեց ֆրանսիական զինվորական նվագախումբի հայերեն կատարումը՝ Ազնավուրի երգերից։
12։33
Նիկոլ Փաշինյանը հարգանքի խոսք է հնչեցնում Շառլ Ազնավուրի հիշատակին։
12։23
8 տասնամյակ բեմում եղած մեծագույն շանսոնյեի մարմինը՝ փաթաթված Ֆրանսիայի դրոշով, բերվեց Համանդամների տան բանկ Դլե Յաման երգի ներքո։ Ուղեկցում էր նաև Հայաստանի դրոշի գույներով պատրաստված ծաղկեպսակը։
12։14
Հնչեցին Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը՝ «Իմ հայրենիքն» ու «Մարսելյեզ»-ը։
Արարարողությունն ուղիղ հեռարձակում է նաև Ելիսեյան պալատը։
12։12
Հաշմանդամների տուն ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում դիմավորեց Նիկոլ Փաշինյանը։
12։08
«Ազնավուրը ֆրանսիական մշակույթի դեսպանն էր աշխարհում»,-ասում է Ֆրանս 24-ի զրուցակիցը։
12։04
Հաշմանդամների տան դիմաց տեղադրված էկրանով Ազգային հարգանքի տուրքին հետևում են հազարավոր մարդիկ։ Ներկա է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
11։55
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ժամանեց Հաշմանդամների տուն։ Այնտեղ են արդեն Ազնավուրի հարազատները, Ֆրանսիայի պետական մշակութային գործիչները։ Ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Ներկա է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Ներկա է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա Սարկոզին՝ կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ով Ազնավուրի հետ ժամանել էր Հայաստան։
Ինչպես հայտնեց Ֆրանս 24-ը, ելույթ են ունենալու Ֆրանսիայի նախագահը և Հայաստանի վարչապետը։
11։35
Րոպեներ անց Փարիզի Հաշմանդամների տանը կսկսվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի միջոցառումը։ Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները, սպասվում է ավելի քան 2000 մարդու ներկայություն։
Արարողությանը ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին մասնակցելու են ընտանիքի անդամները, հրավիրված պաշտոնյաներ, որոնց թվում են նաև ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԳ ու նշակույթի նախարարները։
Panorama.am-ը հեռարձակում է «Ֆրանս 24»-ի ուղիղ եթերը, որով Հայաստանի ժամանակով 12-ին կմեկնարկի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի միջոցառումը։
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։
Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը վաղը՝ հոկտեմբերի 6-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները