Հայաստանի հանդեպ աճում է հետաքրքրությունը. Վարչապետի գլխավոր խորհրդական
«Հայաստանի տնտեսական շահերից է բխում, որպեսզի արագացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
Նա նշեց, որ երեկ կառավարությունում լրագրողների հետ զրույցից հետո որոշ մեկնաբանություններ են եղել և փորձ է արվել ցույց տալ, թե տարբերություն կա իր ու վարչապետի ասածների մեջ այս հարցի կապակցությամբ։
«Բացարձակապես, որևէ տարբերություն չկա, մեր թիմի բոլոր անդամներն ունեն հստակ մոտեցում, որ, իրոք, Հայաստանի տնտեսական շահերից է բխում որպեսզի արագացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ասաց նա։
Արսեն Գասպարյանի խոսքով, օտարերկրա գործարարների շրջանում հունիսից սկսած օրեցօր աճում է հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։
«Թե օտարերկրյա, թե սփյուռքից գործարարները վերջին երկու ամսում այցելում են իմ գրասենյակ, բազմաթիվ ոլորտներում իրենց հետաքրքրությունն են հայտնում, համագործակցեն Հայաստանի հետ ու ներդրումներ կատարեն։ Իմ ասածը կապված է նրանց հետաքրքրություն հետ, քանի որ հետաքրքրությունը գնալով աճում է»,- նշեց վարչապետի խորհրդականը։
Նա ասաց, որ օտարերկրյա ներդրողներին հետաքրքրում է Հայաստանի ջրային ռեսուրսները, ջրամբարների կառուցումը, թվայնացման, շինարարության, տուրիզմի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ոլորտները, էներգետիկայի ոլորտը, հատկապես այլընտրանքային էներգետիկայի զարգացումը։
«Աշխարհի տարբեր տարածաշրջաններից բազմաթիվ գործարարներ են գալիս Հայաստան, որովհետև նրանք տեսնում են մեծ փոփոխություն Հայաստանի քաղաքական կյանքում։ Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերից է բխում այս արտահերթ ընտրությունները, որպեսզի ժողովրդավարության ամբողջական պատկեր ունենանք»,- ասաց Ա. Գասպարյանը։
Նրա խոսքով, այն գործարարները, ովքեր հետաքրքրված են Հայաստանի հետ աշխատելով, հարցնում են ընտրությունների մասին. «Բնական է, տեսնում են, որ գոյություն ունի խորհրդարան և ժողովուրդ, ժողովուրդը դեմ է խորհրդարանին, հետևաբար այդ ընտրությունները կարագացեն մեր տնտեսական զարգացումը, քանի որ ընտրություները կամբողջացնեն քաղաքական պատկերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ներդրողին առաջին հերթին հետաքրքրել է քաղաքական փոփոխությունը. վարչապետի խորհրդական
- Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2018-ի դեկտեմբերին