ՀԾԿՀ-ն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ին կպարտավորեցնի մոտ 1 մլն դրամ փոխանցել պետբյուջե
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին կպարտավորեցնի մոտ 1 մլն դրամ փոխանցել պետական բյուջե: Հոկտեմբերի 10-ի նիստում ՀԾԿՀ-ն որոշում կընդունի մարզահամերգային համալիրին պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին:
Որոշման նախագծում, մասնավորապես, նշված է, որ ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 17-ը, և Ընկերությունն այն երկարաձգելու հայտով չի դիմել Հանձնաժողով:
«Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում ՀՀ պետական բյուջե պետք է փոխանցի ռադիոհաճախականության օգտագործման վճարի մասով մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը հաշվարկված 950 760 դրամ պարտքը, որից 892 825 դրամը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարն է, իսկ 57 825 դրամը՝ ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժը»,- նշված է որոշման մեջ: