Չարենցավանցի երեխաները՝ ոռոգման ավտոմատ համակարգի հեղինակ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառմանը՝ ԴիջիԹեքին, Հայաստանի մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ցուցադրեցին իրենց գիտելիքներն ու ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում:
Ավտոմատ ոռոգման համակարգ, ական փնտրող սարք, եռաչափ տպիչով մոդելավորված առարկաներ. այս բոլորը պատրաստված են դպրոցականների ձեռքով:
Չարենցավանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներն այս անգամ ներկայացրեցին ավտոմատ ոռոգման համակարգ, որը չափում է հողի, ջրի խոնավությունն ու օդի ջերմությունը սենսորների միջոցով:
Հեղինակներից մեկը Գոռ Հովսեփյանն է, որն արդեն մի քանի տարի հաճախում է ռոբոտաշինական լաբորատորիա: Հստակ որոշել է՝ ծրագրավորող է դառնալու:
Գոռը ոգևորությամբ պատմում է, թե սարքն իրենից ինչ է ներկայացնում. «Մենք պատրաստել ենք ավտոմատ ոռոգման համակարգ, որը պահպանում է ջերմոցային բույսերի խոնավությունը: Սենսորների օգնությամբ կարգավորվում է ջերմոցի ջերմաստիճանը՝ ապահովելով բույսերի համար ցանկալի օդի խոնավություն»:
Ավագ դպրոցի սանը վստահ է, որ իրենց ստեղծած սարքը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել ագրարային գործընթացները:
Չարենցավանցի երեխաները ներկայացրել էին նաև ճնշաչափ (մանոմետր), որը 8 բիտային դիսփլեյի վրա ցույց է տալիս համապատասխան արդյունքը մինչև 300 մթնոլորտային ճնշման արժեքով: Այն պատրաստել է Տիգրան Ավդալյանը՝ Վոլոդյա Բարսեղյանի և Արշակ Բաղդասարյանի աջակցությամբ:
Ծրագրի ղեկավար Սարգիս Բեգիյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար: «Մեր լաբորատորիա հաճախող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, հետաքրքրությունը մեծ է, լաբորատորիան էլ տեխնիկապես հագեցած է, ինչը ևս ձգում է երեխաներին: Նրանք հաճույքով են սովորում ծրագրավորման, ռոբոտաշինության հիմունքները և ձգտում են նոր ու հետաքրքիր լուծումներ գտնել»,- ասաց նա:
Նշնեք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ Հայաստանում և Արցախում ստեղծված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման նպատակն է՝ տարիների ընթացքում զարգացնել հետաքրքրված դպրոցականների ինժեներական միտքն ու տեխնոլոգիական հզոր լուծումներ առաջարկել Հայաստանի և միջազգային շուկայի համար: