ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Սահակ Կարապետյանի հուղարկավորությանը
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը խորը կսկիծով տեղեկացավ սիրելի գործընկերոջ՝ Սահակ Կարապետյանի անժամանակ մահվան մասին:
Այն մեծ կորուստ է բոլորիս համար, ուստի ցանկանում ենք մեր խորին վշտակցությունը հայտնել բոլորի կողմից հարգված մարդու, բազմավաստակ և մեծ պրոֆեսիոնալի անդառնալի հեռացումի կապակցությամբ:
Լինելով իր մասնագիտության և ընկերության նվիրյալը՝ նա վաստակել է իրեն բոլոր ճանաչողների սերն ու ակնածանքը: Այդ լուսավոր անհատի բարի հիշատակը կուղեկցի մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում:
Անկեղծորեն կիսում ենք Ձեր վիշտը և մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր գործընկերոջ հարազատներին և մտերիմներին»,-նշված է ցավակցական հեռագրում:
ՀՀ գլխավոր դատախազը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Սահակ Կարապետյանի հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ Սահակ Կարապետյանը մահացել է մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով։ Նա արձակուրդում է եղել։ Ինչպես գրեցին ռուսական լրատվամիջոցները, նա դատախազական վերահսկողություն էր իրականացնում մի շարք աղմկահարույց գործերի նկատմամբ։
Սահակ Կարապետյանը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ էր նշանակվել 2016-ի դեկտեմբերին։ Նրա թեկնածությունը ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ Սահակ Կարապետյանն զբաղեցնում Էր ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում զոհված հայ դատախազն իրականացնում էր Սկրիպալների գործի վերահսկողությունը
- Ավիավթարի հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը