Հայկական տրիկոտաժեղենի, գուլպեղենի արտադրությունը նվազել է
Հայաստանում տրիկոտաժեղեն, գուլպեղենի և բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից, 2018 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 2 549.5 հազար հատ տրիկոտաժե արտադրանք, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.9 տոկոսով:
Նշենք, որ 2017 թ-ի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 2 828.7 հազար հատ տրիկոտաժե արտադրանք՝ 2016 թ-ի համեմատ աճելով 39.3 տոկոսով:
Վիճակագրության համաձայն՝ հունվար-օգոստոսին 6.2 տոկոսով նվազել է նաև բամբակյա գործվածքների արտադրությունը. եթե 2017թ-ի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել էր 3.2 տոննա բամբակյա գործվածք, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 3 տոննա:
Հունվար-օգոստոսին 26.8 տոկոսով նվազել է գուլպեղենի արտադրությունը: Մասնավորապես, 2018-ի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 6 892.5 հազար զույգ գուլպեղեն, 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 9 413.9 հազ. զույգ: