Անցանք առաջ, չեմ պատասխանում Ձեր հարցին. Արամ Մանուկյանը՝ ԲՀԿ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ լայն դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում ինտենսիվ բանակցություններ է սկսելու արտախորհրդարանական ուժերի հետ։
Հնարավոր դաշնակիցների թվում են «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, Անդրիաս Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱԿ-ը և մի շարք այլ փոքր կուսակցություններ և քաղաքացիական շարժումներ։ Գագիկ Ծառուկյանը որոշել է համագործակցության առաջարկ անել նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը։
Պարզելու՝ արդյոք այդ ուժերը պատրաստ են Գագիկ Ծառուկյանի հետ վերոնշյալ նպատակներով բանակցությունների՝ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց նրանցից երկուսի հետ։
Ինչպես նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, իրենք այս պահին ԲՀԿ առաջնորդից քննարկումների հրավեր չեն ստացել։ «Որևէ բան ապրիորի չի քննարկվում։ Չկա նման առաջարկ, չկա նման քննարկում, ինչի՞ մասին է խոսքը։ Օդից կախված լուրեր են»,- ասաց Արամ Մանուկյանը։
Հարցին՝ եթե նման առաջարկ լինի, պատրա՞ստ է արդյոք Հայ ազգային կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հետ բանակցությունների, Մանուկյանը պատասխանեց. «Անցանք առաջ, չեմ պատասխանում Ձեր հարցին»։
«Ժառանգություն» կուսակացության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ բանակցությունների մասնակցելու հրավեր Գագիկ Ծառուկյանից առայժմ չեն ստացել։ Նա միաժամանակ նշեց, որ իրենք բաց են քննարկումների համար։
«Որևէ քաղաքական քննարկում մեր ամբողջ գործունեության ընթացքում չենք բացառել։ Այդտեղ որևէ խնդիր չկա, մենք քննարկում անցկացրել ենք ցանկացած քաղաքական միավորի և քաղաքական գործչի հետ, ով ցանկացել է ինչ-որ բան քննարկել։ Սակայն սա այն դեպքն է, որ առանց որևէ փաստի խոսք չեմ կարող ասել»,- նշեց Մարտիրոսյանը։
Հարցին՝ արդյոք նորմալ են նայում այն բանին, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը ևս կարող է ներգրավվել բանակցություններում, «Ժառանգություն» կուսակցության նախագահը պատասխանեց. «Ոչ նորմալ եմ նայում, ոչ աննորմալ եմ նայում։ Այդ հարցի շուրջ որևէ քննարկում տեղի չի ունեցել»։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հավանականությանը, Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ նշված ժամկետը շատ հարմար է։ «Իհարկե, մեզ համար ցանկալին այն էր, որ խորհրդարանական ընտրություններն անմիջապես մայիսին անցկացվեին։ Դա ամենաճիշտ տարբերակը կլիներ, սակայն այժմ կարծում ենք, որ որքան շուտ, այնքան ավելի լավ»,- ասաց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան