ՆԱՄ-ում կբացվի Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների ցուցահանդեսը
«Նարեկացի» արվեստի միությունը հոկտեմբերի 13-20-ը իրականացնելու է հատուկ միջոցառումների շարք՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
Հոկտեմբերի 13 -ին ժամը 16:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանի հետ։ Դասախոսության թեման է «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ»:
Աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, մի շարք հայերեն և օտար լեզուներով գրքերի հեղինակ Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937 թվականին Բեյրութում՝ մուսալեռցու ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ երկրորդական և համալսարանական ուսումը ստացել է Վենետիկի, Հռոմի և Փարիզի համալսարաններում:
Հանդիպում-դասախոսությունը կանցկացվի ֆրանսերենով:
Հոկտեմբերի 15 -ին ժամը 18:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա միության Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների ցուցահանդեսը: Նկարչական խմբակի սաների ներկայացվող աշխատանքների թեման Ֆրանսիան է՝ գեղեցիկ բնապատկերներով, քաղաքային տեսարաններով, երկրի խորհրդանշական կառույցներով և ոչ միայն:
Սևան Նագգաշյանի անվան նկարչական խմբակի ուսուցիչներն են Հասմիկ Գասպարյանը, Արմենուհի Մարտիրոսյանը և Կարլեն Վարդերեսյանը:
Հոկտեմբերի 15 -ին ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանի հետ:
Դասախոսության թեման է «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ 1700 թվականներից սկսած»: Հանդիպում-դասախոսությունը կանցկացվի ֆրանսերենով:
Հոկտեմբեր 16 -ին ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա երգիչ, երգահան, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանի հեղինակային համերգը` նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին. միջոցառումը կրում է «Ֆրանսիական երգի երեկո» խորագիրը: Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Բարբարայի, Ժորժ Բրասենսի, Ժակ Բրելի, Լեո Ֆերեի ստեղծագործությունները հայերենով Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ և կատարմամբ: Պերճ Թյուրաբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժինը, որտեղ հետագայում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ 1986 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում:
Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում ստացել է գրադարանագիտության մագիստրոսի տիտղոս. այժմ այդ մասնագիտությամբ աշխատում է Նյու Յորքի հանրային գրադարանում:
Պերճ Թյուրաբյանը գրում է նաև երգեր հայ գրողների բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև թարգմանաբար երգում ֆրանսիական շանսոնի տարբեր ներկայացուցիչների ստեղծագործություններ՝ Բրել, Բրասենս, Ազնավուր և այլն։
Հոկտեմբեր 17 – ին ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Սոսե» միջազգային կինոփառատոնը:
Հոկտեմբեր 19 - ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլի Սևոյանի (ալտ) մենահամերգը: Միջոցառմանը կհնչեն Ս. Ռախմանինովի, Լ. Սևոյանի, Ֆ. Շուբերտի և Է. Միհրանյանի ստեղծագործություններից:
Հոկտեմբեր 20 – ին ժամը 16:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները» թեմայով համերգ- դասախոսությամբ հանդես կգա Դանիել Երաժիշտը: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Շարական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Դանիել Երաժիշտ), Գոհար Դանիելյանը (ջութակ), Գրիգոր Հարությունյանը (կլառնետ), Ռուզան Հովսեփյանը (դաշնամուր):
Կկատարվեն Կոմիտասի, Ժ. Բեզարի, Ժ. Բուամորտյեի, Ֆ. Լավինյեի ստեղծագործություններից, Ա. Հոնեգերի երգերից՝ Ա. Չոպանյանի, Պ. Վեռլենի, Ժ. Կոկտոյի և այլոց խոսքերով, և Վ. Մախոխյանի «Հայաստանի հառաչանքը» պիեսը՝ ջութակի և դաշնամուրի համար: Ստեղծագործությունների մեծ մասը Հայաստանում կատարվում են առաջին անգամ: Կներկայացվեն նաև բանաստեղծություններ:
Հարակից հրապարակումներ`
- Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները
- Սահմանամերձ Վազաշենում բացվել է Սևան Նաղաշի «Հավեսին սենյակը»
- Սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում բացվելու է «Հավեսին սենյակ»
- Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին
- «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
- Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը