Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահել է Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում հոկտեմբերի 6-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը:
Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն է ուղղել Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասել է. «Տխրությունն է պարուրել ամենքիս հոգիները: Հրաժեշտ ենք տալիս հայազգի աշխարհահռչակ զավակ, երգարվեստի ու մշակույթի մեծանուն երախտավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրին: Ճանապարհում ենք նրան դեպի հավերժություն, ուր Տիրոջ հետևորդները ժառանգում են հավիտենական կյանքը, աստվածապարգև երանությունն ու խաղաղությունը:
Աստվածատուր շնորհներով զարդարյալ մեր բոլորի սիրելի Շառլ Ազնավուրը, հասակ առնելով Ֆրանսիայում և սնվելով նաև այս երկրի հզոր մշակույթից, համամարդկային տարողունակության բարձրացրեց իր արվեստը, ընդունվեց ու մեծապես սիրվեց ողջ աշխարհում: Մենք ամենքս գիտենք և տեսել ենք Շառլ Ազնավուրին իր նվաճումների մեջ արվեստի բարձունքներում: Սակայն փառքի ու հռչակի ճանապարհը դյուրին չի եղել նրա համար: Ցեղասպանությունից մազապուրծ, տարագրյալ ընտանիքում ծնված հայորդին հաղթահարեց կյանքի բազում նեղություններ, իր նպատակին խոչընդոտող դժվարությունները և իրականություն դարձրեց երգելու և մշակույթին ծառայելու նվիրական երազանքը: Հատկանշական են նրա խոսքերը՝ որպես հավաստում իր զորեղ կամքի և առ Աստված ապավինության. «Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով՝ երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց»:
Բարեհիշատակ Շառլ Ազնավուրը ողջ էությամբ ներշնչված էր արվեստով, ստեղծագործելու եռանդով, առանց որի, ինչպես ինքն է բազմիցս վկայել, չէր պատկերացնում իր կյանքը: Իր ստեղծագործություններում նա ինքնատիպ անկեղծությամբ ներկայացնում էր իր զգացմունքներն ու մտածումները, դրվատում սերը, բարությունն ու ազնվությունը, բացահայտում մարդկային ներաշխարհի գեղեցկությունն ու վսեմությունը: Նա գրավում էր մարդկանց իր պարզությամբ ու անմիջականությամբ, վեհացնում ունկնդիրներին իր յուրահատուկ՝ հուզիչ երգի ու երաժշտության հմայքով, անզուգական կատարումներով: Այսօր մարդկությունը կրում է նրա լուսավոր պատկերն իր հոգում և հիշողությունների մեջ, ուր շարունակում են հնչել Ազնավուրի թովիչ ձայնն ու երգերը, հոգեբուխ խոսքերն ու առինքնող մտքերը:
Տաղանդաշատ հայորդին մեծ մարդասեր էր, մեծ հայրենասեր ու ազգասեր: Որքան ներհուն ու խորունկ էր նրա մարդկային անձը, այդքան էլ բազմազան ու ընդգրկուն էր Ազնավուրի երգարվեստը: Ոգու այս նրբությամբ նա մշտապես ապրեց Ֆրանսիայի ու Հայաստանի սիրով և նվիրումով: Շառլ Ազնավուրը մեր ժողովրդի միասնականության յուրօրինակ խորհրդանիշն էր: Նա միշտ ներկա էր իր հարազատ ժողովրդի ու հայրենիքի կյանքում, սրտակցում ու զորակցում էր հայրենի երկրին դժվարությունների մեջ, ապրում, շնչում և ուրախանում էր ազգի ձեռքբերումներով ու հաջողություններով: Նրա բազմաթիվ երգերի շարքում Հայաստանին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված իր ստեղծագործությունները վկայում են մեծանուն հայի հայրենանվիրումն ու ազգանվիրումը, իսկ Սուրբ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա» երգի հիասքանչ կատարումները՝ նրա խորը հավատքն ու ջերմ սերը առ Աստված:
Արվեստին ծառայելով՝ Ազնավուրը խոսեց ու գործեց բոլոր ժողովուրդներին հասկանալի լեզվով, լուսեղեն հնչյուններով, համամարդկային արժեքներով, եղավ համերաշխության, արդարության, ազնվության Քրիստոսավանդ պատգամների տարածող: Մեծանուն Շառլ Ազնավուրը, իր լուսավոր հետագիծը թողնելով պատմության մեջ և իր անմար հիշատակը ամենքիս սրտերում, այսօր փոխադրվում է հավիտենություն: Այդ հետագիծը նրա աստվածահաճո գործերի խոր ակոսն է՝ ձգված համամարդկային արժեքների անծայրածիր անդաստանում։ Եվ այսօր նա, որպես համայն մարդկության և իր ազգի արժանավոր զավակ, իր թողած բարի ու արդյունաշատ վաստակի ոգեկան, երկնասլաց ճախրանքով ելնում է երկինք՝ հանդիպելու իր Արարչին և Աստծուն՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. ԻԵ 34):
Ի խորոց սրտի աղոթենք, սիրելիներ, որ Ողորմածն Աստված երկնից օթևաններում խաղաղության մեջ ընդունի նորոգ ննջեցյալ Շառլ Ազնավուրի հոգին, պարգևի երանություն ու հանգստություն և Սուրբ Հոգու բյուր մխիթարությամբ սփոփի Ազնավուր ընտանիքի անդամների և բոլոր սգացյալների սրտերը:
Խունկ, աղոթք և օրհնություն սիրելի Շառլ Ազնավուրի լուսավառ հիշատակին»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին
- Դեն Ղարիբյան՝ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքին ֆրանսիացու կատարած հայերեն երգի հեղինակը
- Էմանուել Մակրոնն Ազնավուրին նվիրված հայրերեն գրառում է արել ֆեյսբուքում
- Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգի ու ծափահարությունների ներքո շանսոնյեի հարգանքի արարողությունն ավարտվեց
- Շառլ Ազնավուրն իր կտակը կազմել է 30 տարի առաջ՝ ընտանեկան վեճերից խուսափելու համար
- Սեպտեմբերի 6-ը Հայաստանում Սգո օր է հայտարարվել
- Արա Գևորգյանը երգ է նվիրել Շառլ Ազնավուրի հիշատակին․ Մեր Շառլ