Եղիսաբեթ թագուհին որոշ ժամանակով ստիպված լքելու է Բուքինհեմյան պալատը
Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը 2025 թվականին ստիպված կլինի լքել Բուքինհեմյան պալատը։ Կառույցը խիստ քայքայված է, անհրաժեշտ է ամբողջական վերանորոգում, որը կտևի 10 տարի։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ վերանորոգման համար նախնական գնահատմամբ անհրաժեշտ է գրեթե 500 միլիոն դոլար։ Վերանորոգման ընթացքում ամբողջությամբ փոխվելու են էլեկտրալարերը, որոնք ցանկացած պահի կարող են դառնալ հրդեհի աղբյուր, նաև ջեռուցման համակարգը, որի պատճառով կարող է ջուր լցվել պալատ։
Պալատի բարեկարգման աշխատանքները սկսվել են անցած տարվա ապրիլից, բայց երեկ թագուհու ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ վերանորոգումն ամբողջությամբ կավարտվի 2027 թվականին։ Աշխատանքերն այնպես են տարվելու, որ հնարավորինս քիչ խանգարեն 92-ամյա թագուհուն և նրա ամուսնուն՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպին։ Բայց և այնպես, 2025 թվականին նրանք ստիպված կլինեն մի քանի տարով լքել պալատի հյուսիսային թևը։
«Թագուհին չափազանց պրագմատիկ կին է, և նա ցանկանում է հնարավորինս երկար մնալ պալատում։ Նա ինքն է ասել՝ ինձ տեղեկացրեք, երբ ցանկանաք, որ ես գնամ»,- լրագրողներին ասել է բարձրաստիճան պալատականներից մեկը։
Պալատը նախկինի պես բաց է լինելու պաշտոնական այցերի ու ավանդական միջոցառումների համար։ Վերանորոգումը որևէ կերպ չի անդրադառնալու շենքի արտաքին տեսքի վրա։
Առաջիկա վեց ամիսներին շենքից դուրս է հանվելու շուրջ 3000 արվեստի գործ, այդ թվում մահճակալներ, Թագավորական հավաքածուից ժամացույցներ և ջահեր, որոնք զարդարում են 200 սենյակ։
Բուքինհեմյան պալատը կառուցվել է 1703 թվականին որպես մասնավոր նստավայր, իսկ պալատ դարձել է 1761 թվականին, երբ այն ձեռք է բերել Գևորգ 3-րդ թագավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան