ՖՄԿ-ում ՀՀ դեսպան․ Հայաստանը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:
Մշտական խորհրդի նիստը բացեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով ներկայացրեց գագաթնաժողովին ընդառաջ քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները, կազմակերպության առաջնահերթությունների, Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում գործունեությունը: Ելույթ ունեցավ նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Կրաբալը:
Ողջունելով Մշտական խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր ելույթում մեծապես կարևորեց կազմակերպության գործունեությունը՝ ուղղված ճգնաժամային իրադրություններում հայտնված երկրներին աջակցելուն և ժողովրդավարական գործընթացների խրախուսմանը:
«Հայաստանը մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներին՝ այդ առնչությամբ մեծապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի երիտասարդների ցանցում իրականացված խորհրդատվությունը «Միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի» մշակման գործում»,-ասել է դեսպան Տեր-Ստեփանյանը։
Անդամ երկրների ներկայացուցիչներն անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և օրակարգին առնչվող տարբեր հարցերի: Քննարկվեցին Երևանի հռչակագրի, որոշումների և գագաթնաժողովի այլ փաստաթղթերի նախագծերը:
Կազմակերպության լիիրավ անդամների նիստում հաստատվեց 17-րդ գագաթաժողովին ուղղված՝ կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի վերաբերյալ հատուկ աշխատանքային խմբի զեկույցը:
Հարակից հրապարակումներ`
- Մարզահամերգային համալիրը՝ զարդարված Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշ նռների ծաղկային կոմպոզիցիաներով
- ՖՄԿ-ում ՀՀ դեսպան․ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում բոլոր փաստաթղթերն ընդունվելու են կոնսենսուսով
- Ֆրանկոֆոնիայում Կոնգոյի պատվիրակ․ Մենք սովոր ենք ապրել միասին բազմազանության մեջ ու հարգել բոլորի մշակույթը
- Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան