ՖՄԿ-ում ՀՀ դեսպան․ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում բոլոր փաստաթղթերն ընդունվելու են կոնսենսուսով
«Այսօր Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում ուսումնասիրվելու են բոլոր փաստաթղթերը, որոնք քննարկվելու են Նախարարական ժողովում ու այնուհետ անդամ երկրների ղեկավարների կողմից։ Դեսպանների մակարդակով կայացվում են որոշումներ, որոնք փոխանցվում են նախարարներին ու այնուհետ նախագահներին։ Սրանք նախապատրաստական աշխատանքներն են»,-այսօր Հայաստանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող Մշտական խորհրդի նիստի մեկնարկին այս մասին լրագրողներին ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) Հայաստանի դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։
Մշտական խորհրդի նիստին մասնակցում են ՖՄԿ-ում 84 անդամ երկրների, կառավարությունների դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Քրիստիան Տեր Ստեփանյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի ընդունվելիք փաստաթղթերը պատրաստ են, մնում է միայն գտնել կոնսենսուս, քանի որ բոլոր որոշումները կազմակերպությունում կայացվում են կոնսենսուսով․«Այդ իսկ պատճառով մենք մեծ պատասխանատվություն ունենք»։
Հարցին, թե արդյոք արդեն կան որոշումներ՝ նոր պետությունների անդամակցության հետ կապված՝ դեսպանը նշեց, որ անդամակցության հարցերով հանձնաժողովում արդեն կան անդամակցության հարցեր, որոնք հաստատվել են, սակայն դրանք պետք է հաստատվեն Մշտական խորհրդում, այնուհետ նախարարների ու նախագահների կողմից։
Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է 2020թ․-ին կազմակերպության հիմնադիր անդամ Թունիսում, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացվել էր Անտանանարիվուում կայացած գագաթնաժողովի ժամանակ, որը նաև լինելու է հոբելյանական, երբ նշվելու է կազմակերպության 50-ամյակը։