Վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում քաղաքական ուժերը կճոճեն նավակը, որում գտնվում են. Լենա Նազարյան
«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի։ Մենք միշտ պատրաստ ենք եղել բանակցել՝ և հեղափոխության ժամանակ և վարչապետի ընտրությունից հետո»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն՝ ասելու, արդյոք պատրաստվում են վարչապետի այլ թեկնածու առաջադրել, համաձա՞յն են, որ արտահերթ ընտրությունները կայանան դեկտեմբերին։ Սա շատ կարևոր է։ Պետք է շատ ուղիղ կերպով ասել։ Իհարկե, կարող են լինել պահեր, երբ անգամ հոկտեմբերի երկուսի չարամիտ նախաձեռնությունից հետո կարելի է նստել և ինչ-որ հարցեր քննարկել։ Իհարկե, հոկտեմբերի երկուսը մախինացիա էր կառավարության նպատակների դեմ»,- ասաց նա։
Լենա Նազարյանը հիշեցրեց, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն պնդման, որ գնդակը գործող իշխանությունների դաշտում է, իրենք բացարձակ համաձայն չեն և հակառակն են կարծում՝ գնդակը Հանրապետականի դաշտում է։ Այն է՝ ՀՀԿ-ն պետք է հստակ հայտարարի, որ վարչապետի այլ թեկնածու չի առաջադրելու։
«Սպառնալիք չկա, կա կոչ՝ սթափ գնահատելու իրավիճակը։ Յուրաքանչյուրը կարող է շատ կարևոր մասնակցություն ունենալ։ Թեկնածու առաջադրելու դեպքում նրանք պետք է հասկանան, որ ճոճում են այն նավակը, որում իրենք են գտնվում։ Դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց պատգամավորը։
Լենա Նազարյանը պնդեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները լիովին բավարար են ԱԺ-ում քննարկելու նոր Ընտրական օրենսգիրքը, և իրենք մինչ այժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել՝ ինչու ընտրությունները պետք է կայանան գալիք մայիսին։
«ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կուլիսներում պայմանավորվել են կողմ քվեարկել հոկտեմբերի երկուսի նախագծին, բայց մարդիկ արթուն են և ուշադիր։ Այլևս հնարավոր չէ թաքուն որևէ բան պայմանավորվել։ Հուսով եմ, որ նրանք լրջմիտ ու խոհեմ կլինեն, հանրության պահանջն է արագ արտահերթ ընտրություններ կազմակերպել»,- ասաց խմբակցության ղեկավարը և շեշտեց՝ իրեն վարչապետի հրաժարականի հստակ ժամկետները հայտնի չեն։
«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս շեշտեց՝ «քաղաքական ուժերի կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավաստիացումները պետք է լինեն շատ հստակ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեր խոսքի տերն ենք և հույս ունենք, որ մեր գործընկերներն էլ իրենց խոսքի տերը կլինեն. Սեյրանյան
- Րոպեներ անց կմեկնարկի ԱԺ արտահերթ նիստը
- Նոր բան չենք առաջարկում. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան