
Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արա Պապյանի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արա Պապյանի՝ զրպարտության դիմաց 2 մլն դրամ փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։ Այն նույն օրը մակագրվել է դատավոր Գոռ Թորոսյանին։
«Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին՝ գտնում եմ, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, չկան հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր, հետևաբար հայցադիմումը պետք է ընդունել վարույթ»,-ասված է դատավորի որոշման մեջ։
Թե Պապյանը որ հայտարարությունները պետք է հերքի, հայցադիմումում նշված չէ։ Տարածված տեղեկությունների համաձայն, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դեմ դատական հայցի առիթ է հանդիսացել «Lragir.am» կայքին տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը․ «Ես ինքս բավական շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով, ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն։ Մեծ ներդրումային ծրագրեր են եղել ժամանակին, և ամենավերևից դա արգելվել է, որովհետև դա կարող էր, օրինակ, խփել գազային շահերին և այլն։
Ես չգիտեմ, թե Քոչարյանն ինչքան ունեցվածք ունի, բայց ես անձամբ գոնե գիտեմ, որ մարդիկ վարձակալում են Սեդրակ Քոչարյանից որոշակի գույք, որի ընդհանուր գումարը մենակ Սեդրակի անունով, մի քանի մլն դոլար է»։