Մենք մեր խոսքի տերն ենք և հույս ունենք, որ մեր գործընկերներն էլ իրենց խոսքի տերը կլինեն. Սեյրանյան
«Ես չեմ կարծում, որ որևէ քաղաքական գործիչ պետք է քաղաքական դաշտի վերադասավորումներ կատարի։ Եթե չափանիշ վերցնում ենք արտահերթ ընտրություններին կողմ լինել կամ չլինելը, ապա ես կհիշեցնեմ, որ անցնող ամիսների ընթացքում մենք աշխատել ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։ Մենք այսօր էլ հաստատում ենք, որ ՀՅԴ-ն կողմ է արտահերթ ընտրություններին, մենք մեր պայմանավորվածության տերն ենք»,- այսօր կայացած ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ խորհրդարանական ուժերը պայմանավորվում էին մինչև մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ապա ՀՅԴ-ն գտնում է, որ դեկտեմբերն էլ է մինչև մեկ տարվա մեջ տեղավորվում, մանիպուլյացիաներ այս առումով չարժե փնտրել։
«Արտահերթ ընտրություններ պետք է կայանան նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո։ Պետք է ապահովել մեկնարկային հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։ Եթե այս բոլոր կետերն ավարտվեն դեկտեմբերին, ընտրությունների մասին կհայտարարվի հաջորդ իսկ օրը։ Եթե բոլոր քաղաքական ուժերը համաձայնեն, որ արտահերթ ընտրությունները կայանան դեկտեմբերին, դեկտեմբերին էլ կկայանան։ Մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի։ Մենք մեր խոսքի տերն ենք և հույս ունենք, որ մեր գործընկերներն էլ իրենց խոսքի տերը կլինեն։ Մենք երբևէ չենք խանգարի քաղաքական կոնսենսուսին»,- շեշտեց Սպարտակ Սեյրանյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետի այլ թեկնածուի սատարեն, կամ ինչու չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին հուշագիր կնքել, դաշնակցական պատգամավորը պատասխանեց՝ հուշագրի մեջ պետք է ամրագրվի՝ ինչի մասին է այն։ Հուշագիրը, Սեյրանյանի խոսքով, չի կարող բաղկացած լինել միայն մեկ կետից, այն պետք է լինի բովանդակային։
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ դաշնակցական պատգամավորը շեշտեց՝ դրանք Երևանի ավագանու ընտրություններ չեն եղել, այլ եղել է հարցադրում՝ ցանկանո՞ւմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Եթե մեզ նախապես տեղյակ պահեին, որ ընտրությունների փոխարեն մինի հանրաքվե է անցկացվում, մենք էլ կնախապատրաստվեինք։ Պարզվեց տեղի է ունենում խորհրդարանը ցրել-չցրելու վերաբերյալ հանրաքվե»,- ամփոփեց բանախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան