Արա Զոհրաբյան. Խնդիրը պետք է լուծել սահմանադրական ճանապարհով
Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականից կիսանախագահականից դարձավ պառլամենտական հանրապետություն: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով, ժամանակը ցույց տվեց, որ մեր երկիրը դեռ պատրաստ չի պառլամենտական հանրապետություն կոչվել:
«Մեր երկրում, որևէ քաղաքական կուսակցություն չունի բարձր վստահություն: Կուսակցությունների ներքին համակարգերի և քաղաքական ավանդույթների բացակայության պայմաններում, հասարակության կողմից քաղաքականության մեջ ընկալվում են կոնկրետ անհատները:
Այսօր էլ հասարակության մեծ մասը վստահում է Նիկոլ Փաշինյան անհատին և ոչ թե՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
Որպես փաստաբան և քաղաքացի, կարծում եմ, որ երկրում ստեղծված երկիշխանության և պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու համար պետք է օգտվել միայն սահմանադրական ճանապարհներից: Ընդ որում, վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ-ն արձակելու ճանապարհը կարող է վտանգավոր դառնալ և անկանխատեսելի հետևանքներ առաջացնել, եթե խորհրդարանական մեծամասնությունը այլ անձի ընտրի վարչապետի պաշտոնում:
ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Նույն հոդվածը ներկայացնում է նաև այդ իշխանությունն իրականացնելու ձևերը՝
- ազատ ընտրությունները,
- հանրաքվեները,
- Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձինք:
Ժողովրդի իշխանությունն իրականացնելու այլ սահմանադրական ճանապարհ չկա:
Այս համատեքստում, կարելի է հանրաքվեի միջոցով նախաձեռնել Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, վերականգնել կիսանախագահական կառավարման ձևը, կազմակերպել նոր նախագահական ընտրություններ և նոր ԱԺ ընտրություններ, ինչպես նաև դատական իշխանությանն օժտել անկախության նոր երաշխիքներով»,-գրել է Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների պալատի նախագահը՝ ԱԺ արձակման մասին
- Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ