Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակին է արժանացել Օյուբ Տիտիևը
Այսօր՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առաջին օրը, Եվրոպայի խորհրդում տեղի ունեցավ Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակի շնորհման արարողությունը։ 2018թ․-ի Վացլավ Հավելի մրցանակին, որը տրվում է արդեն 6-րդ անգամ, արժանացավ Չեչնիայի իրվապաշտպան Օյուբ Տիտիևը։
Տիտիևը, ով կալանավորված է 2018թ․-ի հունվարից, հայտնի իրավապաշտպան է ու Գրոզնիում «Мемориал» իրավապաշտպան կենտրոնի ղեկավարը։
Տիտիևն այս պաշտոնում հաջորդել է Նատալիա Էստեմիրովային, ով սպանվեց 2009թ․-ին ու մեծ ներդրում էր ունեցել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում՝ հաղորդելով տեղական իշխանությունների կողմից իրականացվող չարաշահումների մասին։
Քանի որ Տիտիևը բանտում էր, մրցանակը հանձնվել է «Мемориал» իրավապաշտպան կենտրոնի նախագահ Ալեքսանդր Չերկասովին։
«Մենք լիովին գիտակցում ենք, թե ինչպիսի դժվարությունների են դիմագրավում Տիտիևն ու նրա գործընկերները։ Այս մրցանակը ճանաչումն է «Мемориал» կենտրոնի աշխատանքի»,-ասել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։