Իմ քաղաքական ուժը պատրաստ չէ մեկ կետով բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան
«Իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո հաջորդ օրվա նրա հայտարարությունն ինձ համար անակնկալ եղավ»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հոկտեմբերի մեկին՝ 8:30, մենք հանդիպեցինք «Մարիոթ» հյուրանոցում։ Այդ օրը՝ ժամը երկուսին տեղի ունեցավ պետաիրավական հանձնաժողովի նիստը։ Օրենքը, որը մատի փաթաթան է դարձել, հոկտեմբերի մեկին ժամը երկուսին քննարկվեց հանձնաժողովում, որտեղ ներկա էր նաև «Ելք»-ի ներկայացուցիչը։ Այդ օրը երեկոյան հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին որևէ խոսակցություն չի եղել։
Բնականաբար, քաղաքական ուժն իր առաջնորդին պետք է տեղյակ պահի, եթե վիճահարույց հարց կա։ Ես չգիտեմ՝ ում շահերից է բխել, որ տեղեկատվությունը նրան չմատուցեն կամ այլ ձևով մատուցեն։ Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա իրազեկված չի եղել օրենսդրական նախաձեռնության մասին։ Այդ օրը մեր հանդիպումը չստացվեց, բայց եկանք ընդհանուր հայտարարի, որ պետք է հանդիպում լինի այլ ուժերի հետ ևս»,- դեպքերի ժամանակագրությունը ներկարացրեց Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ երկրորդ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արդեն ասել է՝ եկել է իրազեկելու, որ ինքը միանձնյա որոշել է արտահերթ ընտրությունների գնալ դեկտեմբերին, որ իր որոշումը վերջնական է։ Ինքն իր հերթին վարչապետին ասել է, որ դեկտեմբերի համար պատասխանատվություն չի վերցնում։
«Նիկոլ Փաշինյանի կողմից սա վերջնագիր էր, այլ բանակցային փուլ չկար։ Ի վերջո որոշվեց հրավիրել ԱԺ նիստ։ Նիստից հետո հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ չի եկել բանակցությունների, եկել է իրազեկելու։ Հիմա ես մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մենք դեկտեմբեր ամսվա համար որևէ որոշում կամ քննարկում չենք կայացրել։ Դա վտանգավոր քայլ է, հղի է տարբեր վտանգներով, կարող է ձևավորվել միահեծան Ազգային ժողով։ Այդ պարագայում խորհրդարանում իրական ընդդիմություն չի կարող ձևավորվել։ Նորմալ բանակցային պրոցեսում պետք է բոլորիս տրվի ժամանակ՝ պատրաստվելու ընտրություններին։ Միայն այսպես հնարավոր կլինի խուսափել քաղաքական ցնցումներից»,- ասաց Վահրան Բաղդասարյանը։
ՀՀԿ-ական գործչի խոսքով, եթե կլինի ուլտիմատումային խնդիր՝ դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրություններ անցկացնելու իմաստով, ապա այդ բանակցություններն անիմաստ կլինեն։ Խորհրդարանականի համոզմամբ, եթե չկա կոմպրոմիս, չկա բանակցություն։ Բաղդասարյանը, սակայն, կրկնեց իր այն միտքը, որ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է քննարկումների։
«Բայց մեկ կետով, արդեն որոշված դեպքի համար իմ քաղաքական ուժը բանակցությունների պատրաստ չէ»,- ամփոփոեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը տրամաբանական չէ. Վահրամ Բաղդասարյան
- Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյան
- ՀՀԿ-ն երբեք ոչ մի ուժի հետ չի խուսափել համագործակցել. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան