Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրվել է հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ Կողմեր)՝ շահագրգռված լինելով ՀՀ-ում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ։
Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի։ Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության։
Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ։
Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին