Հուսով եմ, որ այս պահին ընթացող բանակցությունները կավարտվեն հօգուտ մեր երկրի ու ժողովրդի. Բաբլոյան
«Հայաստանի վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ մեր երկիրը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ճանապարհով»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ այսօր Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսի հետ հանդիպմանը, որը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում։
«Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ինձ համար կարևոր է, որ բոլոր որոշումները լինեն քաղաքական քննարկումների և փոխհամաձայնության շրջանակում: Հուսով եմ, որ այս պահին ընթացող բանակցությունները կավարտվեն հօգուտ մեր երկրի ու ժողովրդի՝ առանց ցնցումների և չեն նվազեցնի մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում»,- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Արա Բաբլոյանը:
Լինաս Լինկևիչուսը կարևորել է երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Նախարարը մի շարք ոլորտներում փոփոխություններ իրականացնելու հարցում իրենց երկրի ունեցած փորձը փոխանցելու պատրաստակամություն է հայտնել: Լինաս Լինկևիչուսն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մի շարք ոլորտներում, ինչպես օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, չօգտագործված մեծ ներուժ կա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն` Արա Բաբլոյանը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` լինելով առաջին հերթին մարդու իրավունքների խնդիր` հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը. ՄԻՊ
- Եվս 14 պատգամավոր միանում է արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին