Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը էական նվազել է. Արմեն Ղազարյան
2018 թվականի առաջին կիսամյակում միգրացիոն սալդոն կազմել է -6 հազար 146: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ թեև սալդոն ինքնին բացասական է, բայց եթե այս ցուցանիշը համեմատում են նախորդ տարիների ցուցանիշների հետ, ապա տեսնում են, որ դրական միտումն ակնհայտ է:
Արմեն Ղազարյանը նշեց, որ - 6 հազար 146-ը սահմանահատումների ընդհանուր դեպքերի սալդոն է, այսինքն, երբ մեկ անձը մի քանի անգամ է հատում սահմանը և դա ներառվում է այս ցուցանիշում: Իսկ նույնականացված տվյալներով, ըստ նրա, սալդոն կազմում է -5 հազար 204: «Սա դրական միտում է, քանի որ 2017 թվականի առաջին կիսամյակում նույնականացման տվյալներով՝ միգրացիոն սալդոն կազմել է -30 հազար 853: Այստեղ էական փոփոխությունը երևում է»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ռեադմիսիայի (հետընդունման) ցուցանիշներին՝ Արմեն Ղազարյանն ասաց, որ ԵՄ-ից ստացված հայցերի թիվը եղել է 769, որը ներառում է 1529 մարդ: Ըստ նրա՝ 382-ի դեպքում հաստատվել է, որ այդ անձինք ՀՀ քաղաքացիներ են: «Մենք իրականացնում ենք վերաինտեգրման ծրագրեր: Միգրացիոն ծառայությունում վերադարձողների համար բացել ենք «մեկ պատուհան», որտեղ վերադարձողները կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն, թե ինչ ծրագրերում կարող են ներգրավվել, որ իրենց վերադարձն ավելի սահուն լինի»,- ասաց նա:
Միգրացիոն ծառայության պետը ներկայացրեց նաև ԵՄ երկրներում Հայաստանից ապաստան հայցողների մասին տվյալներ: Այսպիսով, ըստ Եվրոստատի տվյալների՝ ԵՄ-ի երկրներում, գումարած Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում, Շվեյցարիայում 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից ապաստան հայցողների թիվը եղել է 3270, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2490: « Այսինքն՝ սա էական նվազում է: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը էական նվազում է: Եթե այս ցուցանիշը համադրում ենք սահմանահատումների վիճակագրության հետ, ապա տեսնում ենք, որ ունենք դրական միգրացիոն դինամիկա»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին