Հայաստանում ՀԷԿ-երի արտադրված էլեկտրաէներգիան ավելացել է, ՀԱԷԿ-ում` նվազել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 5 188.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1.3%-ով: Նախորդ տարվա հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 5 123.1 մլն կՎտ ժամ:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա 8 ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 20.9%-ով և կազմել 2 215.6 մլն կՎտ ժամ, իսկ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով՝ կազմելով 1 685.7 մլն կՎտ ժամ:
Ջերմային կայաններում ևս արտադրության ծավալներն ավելացել են 30.2%-ով՝ կազմելով 25.9 հազար հեգաջոուլ:
Ըստ վիճակագրության՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 282.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23.1%-ով: Նշված ժամանակահատվածում հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազելով 23.1%-ով: