Կառավարությունը Volvo-ին կառաջարկի արտադրությունն Իրանից Վրաստան տեղափոխել
«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը նախատեսում է բանակցություններ սկսել Volvo ընկերության հետ։ Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, գործակալությունը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է փակել արտադրությունն Իրանում, իսկ իրենք առաջարկելու են այն տեղափոխել Վրաստան։
Բանն այն է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով ամերիկյան ու եվրոպական մի շարք ընկերություններ չեն կարող գործել։
«Մենք հետևում ենք այս ամենին, ուղիղ բանակցությունների մեջ ենք այդ ընկերությունների հետ։ Օրինակ, հիմա պատրաստվում ենք մեկնել Շվեյցարիա ու հանդիպել Volvo ընկերության ներկայացուցիչների հետ, քանի որ պատժամիջոցների հետևանքով ընկերությունն ընդհանրապես փակում է Իրանումբեռնատարներ արտադրող մասնաճյուղը։ Մենք պատրաստվում ենք առաջարկել, որ նրանք գան Վրաստան»,- հայտարարել է գործակալության ղեկավար Միխայիլ Խիդուրելին։
Նա նշել է, եթե գործակալությանը հաջողվի գոնե երկու խոշոր ընկերություն բերել Վրաստան ու արտադրություն կազմակերպել, ապա դա կլինի շատ մեծ արդյունք։
«Դրա համար մենք ունենք հստակ ռազմավարություն»,-ասել է նա։