Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի ավանի բացմանը․ «Ֆրանկոֆոնիան միասնական է իր բազմազանությամբ»
Այսօր Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը, որին ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները, ՀՀ ԱԳ և մշակույթի նախարարները։
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ողջուեց հյուրերին ու ներկաներին «2800-ամյա մայրաքաղաքում»։
«Հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը մեր հնամենի մայրաքաղաքի պատմության էջերը զարդարվեց ևս մեկ բացառիկ ու գեղեցիկ իրադարձությամբ։ Ֆրանկոֆոնիայի ավանը խաչմերուկ է ու հանդիպման վայր մշակույթների ու քաղաքակրթությունների համար, սա կարծես մի յուրօրինակ նվեր լինի մեր 2800-ամյա մայրաքաղաքի, իր բնակիչների ու զբոսաշրջիկների համար՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհի գեղոցկությանն ու բազմազանությանը հանդիպելու մեկ վայրում»,-ասաց Կամո Արեյանը։
ՖՄԿ գլխավոր քարտուղարի հղած ուղերձում ասվում էր, որ 6 օր ժամանակ ունենք բացահայտելու այն մշակույթը, որ ներկայացնում են այստեղ ներկա այն բոլոր երկրները, որոնք ունեն իրենց տաղավարները և առաջին հերթին բացահայտելու Հայաստանը։
«Վայելեք այն մշակութային բազմազանությունը, որ այստեղ կներկայացվի»։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ասաց, որ «ֆրանկոֆոնիան կարող է հպարտանալ իր ընտանիքով, որն ուժեղ է իր արժեքներով, որն այս մշակույթների իսկական խճանկարն է՝ միասնական իր բազմազանությամբ»։
«Գագաթաժողովի կարգախոսը՝ «Ապրել միասին», արտահայտվում է կառավարությունների կողմից, բայց վերաբերում է ժողովուրդներին, մարդկանց։ Որքան գեղեցիկ է այս աշխարհը, երբ մենք կարող ենք ապրել միասին, հասկանալ միմյանց, ապրել խաղաղության մեջ՝ միմյանց հարգելով, ճանաչելով»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացված են ՖՄԿ անդամ 20 երկրների տաղավարներ, որոնց մեջ են Ֆրանսիան, Բելգիան, Կանադան, Կիպրոսը, Շվեյցարիան։ Ավանը բաց է բոլորի համար ու այն կգործի մինչև հոկտեմբերի 12-ը՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին