Զատուլինը հայ-ռուսական կապերն ամրապնդելու նոր նախաձեռնություն ունի
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նախօրեին կայացած հանդիպմանը կարևորել են փոխշահավետ համագործակցությունն ու այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան առավել ամրապնդել հայ-ռուսական հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կապերը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ խորհրդարանի ղեկավարին ներկայացնելով իր նոր գաղափարը` Կոնստանտին Զատուլինը նշել է, որ լինելով հայ ժողովրդի մեծ բարեկամը և տարիներ շարունակ աշխատելով հայ-ռուսական բարեկամության հետագա ամրապնդման ուղղությամբ` հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որի նպատակն է այս ասպարեզներում նոր թափ հաղորդել հայ-ռուսական կապերի ամրապնդմանը:
Նախաձեռնությունը վերաբերում է երկու երկրների պետական, գիտական, մշակութային և հանրային ոլորտներում ոչ ֆորմալ՝ առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուն: Ընդ որում, այն կոչվելու է «Լազարյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանի բարօրության և հայ-ռուսական բարեկամության համար հսկայական գործ կատարած հռչակավոր Լազարյան տոհմի:
Նախատեսվում է այն դարձնել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջև նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային, աշխատանքային, տնտեսական և գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ վեհաժողովն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործին:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը Հայաստանում անցկացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ էր ունեցել նաև ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը: Օրերս աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի՝ կազմակերպչական հարցերով աշխատանքային խումբը:
Իսկ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին