Դանիել Իոաննիսյան. 19 մանդատից մեկը բաժին կհասնի ազգային փոքրամասնության ներկայացուցչին
Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համաձայն, յուրաքանչյուր կուսակցությունն ամեն 19 մանդատի դիմաց կստանա ազգային փորքամասնության մեկ ներկայացուցչի տեղ։ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
«Պրինցիպն այսպիսին է, որպեսզի այն մի քիչ հասկանալի ու մի քիչ նաև կանխատեսելի լինի ազգային փոքրամասնությունների համար ընտրությունը։ Նախկինում այս հարցն ավելի շատ հիշեցնում էր պատահականության սկզբունքը»,-հայտարարեց Իոաննիսյանը։
Ինչ վերաբերում է կանանց համար նախատեսված քվոտաներին, ապա Իոաննիսյանը նշեց, որ առաջարկում են 30 տոկոս ներկայացվածություն ցուցակներում։
«Մեր խնդիրը գենդերային ներկայացուցչության ապահովումը չէ, մեր խնդիրը Ազգային Ժողովում քաղաքական ներկայացուցչության ապահովումն է»,-նկատեց քննարկմանը մասնակից «Ազգային ինքնորոշում» կուսակցության գլխավոր քարտուղար Արկադի Վարդանյանը։
Իոաննիսյանն էլ նկատեց, եթե իրենք գենդերային հավասարության խնդիր դրած լինեին, ապա օրենսգրքում կգրվեր, որ խորհրդարանի 51 տոկոսը պետք է կին լինի, բայց նման բան գրված չէ։
«Դառը իրականությունն այն է, որ կանանց համար ավելի դժվար է զբաղվել քաղաքականությամբ, կանանց հասարակությունը դժվար է ընկալում։ Քվոտավորմամբ փորձ է արվում այդ խնդիը լուծել»,-ասաց նա՝ նկատելով, որ դա ժամանակավոր լուծում է, հույս հայտնեց, որ 10 տարի անց քվոտավորման կարիք չի լինի։
Հանձնաժողովի քարտուղարը նկատեց, թեև գործող ԸՕ-ով նախատեսված է, որ խորհրդարանի 25 տոկոսը պետք է լինեն կանայք, բայց 6-րդ գումարման Ազգային ժողովում կանայք ընդամենը 18 տոկոսն են կազմում, իսկ նախորդում ավելի քիչ՝ 14 տոկոսը։
«Կներեք, որևէ մեկը գոնե ինձ չի կարող համոզել, որ Հայաստանում բավարար թվով կոմպետենտ կանայք չկան, որոնք կարող են խորհրդարանում լինել։ Սա միմիայն այն բանի հետևանք է, որ կանայք շատ հաճախ չեն ընկալվում, որ քաղաքականությամբ են զբաղվում»,-ասաց նա։
Իոաննիսյանն անդրադարձավ նաև անցողիկ շեմին, ասաց, կուսակցությունների համար դա կլինի 4 տոկոս, իսկ դաշինքների համար 6 տոկոս։
«Միջազգային փորձն ենք ուսումնասիրել, արվել է երկու անկախ ուսումնասիրություն։ Արդյունքում եկել ենք եզրակացության, որ արժե 1-2 տոկոս իջեցնել, իսկ հաջորդ ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ աշխարհի ամենաժողովրդավար 40 երկրներում, որտեղ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, անցողիկ միջին շեմը կազմում է 3.9 տոկոս»,-ասաց հանձնաժողովի քարտուղարը։