Ստեփան Դանիելյան. Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է
Քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Փաշինյանի ու Ծառուկյանի միջև ստորագրված հուշագրով հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտվում է։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառույկան հուշագրի տեքստի երկու կետը Փաշինյանի պահանջներն են, մյուս երկուսը՝ Ծառուկյանի։
Առաջին երկու կետով Ծառուկյանը պարտավորվում է աջակցել խորհրդարանը ցրելու գործում, իսկ մյուս երկու կետերով Փաշինյանը պարտավորվում է 1․ չխանգարել ԲՀԿ-ին մտնել հաջորդ խորհրդարան․ «Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա» և 2․ չխոչընդոտել Ծառուկյանի բիզնես գործունեությանը․ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել ․․․ Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»։
Իսկ ՀՀԿ-ի պատգավավորները հանձնվել են որոշակի պայմաններով, ինչի համար հանդիպել են փոխվարչապերի հետ, այլ քննարկման թեմա նրանք չունեին էլ։
Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է։ Մնում է նոր թեմա գտնել Փողոցին զբաղեցնելու համար։ Հաջորդ թեման կարող է լինել արտաքին վտանգներն ու արտաքին թշնամին, որոնց դեմ ազգը պետք է համախմբվի վարչապետի շուրջը։
Այդ ընթացքում հարցեր տալը, կասկածներ հայտնելը, ապագայի մասին քննարկումներ կազմակերպելը նույնպես կդիտարկվի որպես հակահեղափոխական գործունեություն։ Քոչարյանի լրտեսներին սկսելու են փոխարինել Ալիևի, Էրդողանի, հատուկ դեպքերում ՝ Պուտինի լրտեսները։
Հնարավոր է, որ եկող ընտրությունների ժամանակ հիմնական թեման լինի արտաքին խնդիրները»։
Հարակից հրապարակումներ`
- «Հասկանալ իրականությունը, եթե արդեն ուշ չէ»
- Վահան Իշխանյան. Հայաստանում քչերն են հասկանում թե ինչ սպառնալիք է կախված երկրի գլխին