Ցոլակյանի հաջորդը
Ֆելիքս Ցոլակյանի՝ Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո վերջինիս պատգամավորական մանդատը, ըստ ցուցակի հաջորդականության, պետք է փոխանցվի Մարտուն Գրիգորյանին։
Քանի որ Ցոլակյանը պատգամավոր էր դարձել թիվ 11 ընտրատարածքից` Շիրակի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով, ստացվում է, որ նրան պետք է փոխարինի հաջորդ՝ ամենաշատ թվով ձայն ստացած թեկնածուն։ Ներկա դրությամբ այդ թեկնածուն հենց Մարտուն Գրիգորյանն է, ով ստացել է մոտ 11 հազար ձայն, նրան հաջորդում է Մուշեղ Պետոյանը` 8795 ձայն:
Տեղեկանալու՝ երբ է նախատեսված մանդատի փոխանցման գործընթացը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի հետ։
Վերջինս տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն այսօր ժամը 15։00-ին նիստ կգումարի և արձանագրություն կկազմի Ցոլակյանի մանդատը ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու նպատակով։
Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հաձնաժողովն արդեն իսկ ստացել է ԱԺ նախագահի՝ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
«Այսօրվա նիստում արձանագրություն կազմվելուց հետո կուսակցությանը կիրազեկվի, որ թեկնածուն կարող է մոտենալ և վերցնել մանդատը։ Օրենքով սահմանված ընթացակարգ չկա՝ ինչ ժամկետում թեկնածուն կարող է վերցնել մանդատը»,- ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ականները ոգևորված են Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով. «Հրապարակ»
- Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար