Կարևոր զեկույց ԵԽԽՎ-ում․ ՄԱԿ-ն ու ԵԽ-ն պետք է մուտք ունենան «մոխրագույն տարածքներ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեի զեկույցը՝ «Եվրոպայի խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների կողմից անսահմանափակ մուտք անդամ երկրներ՝ ներառյալ «մոխրագույն տարածքներ»» (grey zones)։
Այս զեկույցը կարևոր կարող է լինել հակամարտությունների գոտիների համար, որոնցից է նաև Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Օսեթիան, Մերձդնեստրը, նաև՝ Ղրիմը։
Զեկույցում մտահոգություն է արտահայտվում, որ պետությունները չեն համագործակցում մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգային մեխանիզմների հետ ու կոչ են անում լիարժեք համագործակցության։
Զեկուցողը նշեց, որ մարդու իրավունքների մոնիտորինգի մարմինների գործունեությունը դե-ֆակտո իշխանությունների տարածքում չի նշանակում, որ այն ճանաչում է այդ իշխանությունների լեգիտիմությունը։ Մոնիտորնգային մարմինները պետք է միայն ուսումնասիրեն տարածքում բնակիչների իրավունքների հարգման հետ կապված հարցերը։
Պատգամավոր Շենախը ևս համակարծիք էր, որ ՄԱԿ-ը, ԵԽ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է մուտք ունենան «մոխրագույն տարածքներ»՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված։
Ադրբեջանի պատգամավոր Ասիմ Մոլազադեն այս զեկույցը համարում է նախկին Սովետական միության անդամների տարածքային ամբողջականության խախտում ու այն համարում տարածքի իշխանությունների լեգետիմացիա։ Մոլազադեն կոչ արեց ԵԽ-ին հարգել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը, նշելով, թե կան այլ տարբեր մեխանիզմներ մարդու իրավունքները պաշտպանության համար։
Պատգամավոր Օլյոնա Սոտնիկ ևս համաձայն էր, որ այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքները կարիք ունեն պաշտպանության ու այդ մարդիկ պետք է ունենան գոնե հույս, որ կան ինստիտուտներ, որ կարող են օգնել ու միջամտել իրենց իրավունքների պաշտպանության հարցում։
Ելույթ ունեցավ նաև ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն ու ողջունեց զեկույցը։ Ֆարմանյանը նշեց, որ մարդու իրավուքնները համընդհանուր են ու չպետք է լինի որևէ տարածք կամ երկիր, անկախ իր քաղաքական կարգավիճակից, որտեղ մարդու իրավունքները մոնիտորինգի չեն ենթարկվում ու չեն գնահատվում։ Մարդու իրավունքների հարցու չպետք է լինեն մոռացված տարածքներ Եվրոպայի խորհրդի տարածքում։ Ֆարմանյանը նշեց, որ դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես պատրաստականություն են հայտնել համագործակցելու։
ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը իր ելույթում նշեց, որ կան «մոխրագույն գոտիներ», բայց չկան «մոխրագույն մարդ արարածներ»։ Մարդիկ հավասար են ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանված լինեն։
Ելույթ ունեցողների մեծ մասը կողմ է արտահայտվում «մոխրագույն տարածքներում» մարդու իրավունքների պաշտպանությանն ու ՄԱԿ-ի ու ԵԽ մոնիտորինգային կառույցների կողմից այդ տարածքներ անսահմանափակ մուտքին, իհարկե, բացառությամբ Ադրբեջանի պատվիրակների։
Ադրբեջանի պատվիրակ Սևինջ Ֆատալիևան իր ելույթում անդրադարձավ նաև Աննա Հակոբյանի, այլ երկրներից կանանց Ղարաբաղ այցին, որն իրականացվել է «խաղաղության դիվանագիտական» նպատակներով։ Այս ձևով խաղաղություն չի կարող հաստատվել, սա ոչ այլ ինչ է, քան սադրանք։
Զեկույցը դրվեց քվեարկության ու ընդունվեց 39 կողմ, 6 դեմ ձայներով։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է տարածվի բոլոր տարածքների վրա՝ նաև հակամարտությունների գոտիների բնակչության իրավունքների պաշտպանության համար։
(լուսանկարում՝ Ֆրենկ Շվաբե)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան