Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակությունները ժամանեցին
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերը:
10:41
Մարզահամերգային համալիրում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ևս պետությունների ղեկավարների հետ կլինի ընտանեկան լուսանկարում:
10:16
Ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ միասին: Մակրոնն ու Փաշինյանը ողջագուրվեցին:
Ֆրանսիայի պատվիրակությունը վերջինն էր և, այսպիսով, ավարտվեց պատվիրակությունների ժամանումը: Այժմ կսկսվի գագաթնաժողովի նիստը:
Պատվիրակության անդամներն այժմ պատրաստվում են ընտանեկան լուսանկար անել:
Հիշեցնենք, որ կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն:
9:45
Ժամանեցին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ժամանեց նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահը, կենտրոնական Աֆրիկայի նախագահը, տասնյակ այլ ղեկավարներ:
9:34
Գագաթնաժողովի պատվիրակությունները սկսում են ժամանել Մարզահամերգային համալիր, նրանց ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, գլխավոր քարտուղար Միկաել Ժանն ու նրա ամուսինը:
08:07
Րոպեներ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու ավելի քան են ավելի քան 40 երկրների ղեկավարներ:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մոտ 100 պատվիրակությունների 3500 անդամներ:
Մարզահամերգային համալիրում գագաթնաժողովին մասնակից պետությունների ղեկավարներին ողջունելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:
Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկին տեղի կունենա նախագահության փոխանցում Մադագասկարի ու Հայաստանի միջև:
Գագաթնաժողովի բոլոր նիստներն անցնում են դռնփակ ու որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:
Վաղը՝ գագաթնաժողովի ավարտին ընդունվելու են բանաձևեր, որոնցից մեկում անդրադարձ է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ընդունվելու է նաև Երևանյան հռչակագիր: Կարևոր հարցերից է նաև ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը, որի համար առաջադրվել է 2 թեկնածու՝ ներկայիս գլխավոր քարտուղար Միկաել Ժանն ու Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Գագաթնաժողովը կանցկացվի այսօր և վաղը: Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստան ժամանեցին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կնոջ հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին