Փաշինյան. Ուրեմն նրա քաղաքական թիվ մեկ խնդիրն է տարածքը մաքրել մարդկանցից
«Իմ քննարկումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերաբերում էր ոչ թե ԼՂ խնդրի կարգավորմանը, այլ վերաբերում էր հարցի կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելուն»,-France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ անհնար է խոսել խնդրի լուծման մասին` չունենալով վստահության մթնոլորտ:
«Խոսակցությունն այն մասին էր, որ եթե իրավիճակը շարունակի մնա լարված, ըստ էության հնարավոր չի լինի խոսել կարգավորման մասին: Մենք պայմանավորվեցինք մի քանի կետերի շուրջ, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին լարվածությունը նվազեցվի»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով բանակցությունների ձևաչափի մասին հարցին, Փաշինյանը նշել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխության հարց հայկական կողմը չի դրել:
«Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Բայց ադրբեջանական կողմն ասում է, որ հրաժարվում է խոսել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Ինչպե՞ս է հնարավոր, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, եթե Ադրբեջանն ընդհանրապես չի ուզում խոսել նրա հետ, Ղարաբաղում ապրող մարդկանց հետ: Դա բացահայտում է Ադրբեջանի նպատակը՝ Ղարաբաղի հետ կապված. նրան պետք է տարածքը և ոչ թե մարդիկ, ուրեմն նրա քաղաքական թիվ մեկ խնդիրն է տարածքը մաքրել մարդկանցից»,- շեշտել է ՀՀ վարչապետը:
Նույն հարցազրույցում Փաշինյանը խոսել է նաև իր հրաժարականի, խորհրդարանական արտահերթ ընտրությունների, հայ-ռուսական հարաբերությունների մասին: