Արթուր Ղազինյան. «Ժողովրդի» վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել պատասխանատվությունից խուսափելու միջոց
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտության թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանն անդրադարձել է կառավարության ղեկավարի այն հայտարարություններին, որոնցում նշվում է՝ այս կամ այն հարցը այսպես կամ այնպես որոշել է ժողովուրդը։
Ղազինյանը հիշեցնում է, Սահմանդրության դրույթը՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
Իրավաբանը գրում է. «Այս ձևակերպումը դրված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում և վերջին իրողությունների լույսի ներքո հաճախ է բարձրաձայնվում Վարչապետ Փաշինյանի կողմից՝ իր հրապարակային ելույթներում։
Հատուկ ընդգծվում է նաև, որ այսուհետ «ժողովուրդն» է որոշելու բոլոր հարցերը։
Այս խնդրի կապակցությամբ ցանկանում եմ հայտնել իմ, առավելապես ակադեմիական (գիտական) կարծիքը, որը, կարծում եմ, օգտակար կլինի մեր Կառավարության և Վարչապետի համար՝ հետագա հրապարակային ելույթներում «ժողովուրդ» երևույթը կիրառելու պարագայում։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի, իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
Փաստացի հղում անելով նշված դրույթի առաջին մասին, անտեսվում է դրա երկրորդ, իմ խորին համոզմաբ, առավել կարևոր մասը։
Սահմանադրա-իրավական և քաղաքագիտական իմաստով «ժողովուրդը», որպես իշխանության կրող և որոշում կայացնող միավոր, հանդես է գալիս բացառապես ընտրությունների և հանրաքվեների ժամանակ, որով ձևավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ նրանց փոխանցելով իր անունից հանդես գալու և այդ իշխանությունն իրացնելու իրավունքը։
Հանրաքվեների ընթացքում «ժողովուրդը» իր հավաքական կամքն է արտահայտում կոնկրետ դրված հարցի վերաբերյալ, որը դրվում է իր իսկ կողմից ընտրություններով ձևավորված մարմինների՝ Կառավարություն, Ազգային Ժողով, կողմից։
Փաստացի կարող ենք պնդել, որ պետության ամենօրյա կառավարման ամբողջական պատասխանատվությունը կրում է «ժողովրդի» կողմից ձևավորված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և յուրաքանչյուր առիթով «ժողովրդի» վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել որպես ուղղակի պատասխանատվությունից խուսափելու միջոց։
Քաղաքական գործընթացին մասնակցող իմ ընկերներին հորդորում եմ առավելագույնս խուսափել «ժողովուրդ» եզրույթի կիրառումից, և իրենց կողմնակիցներին, համակիրներին, հասարակության շահագրգիռ խմբերին կամ ժողովրդական լայն զանգվածներին որպես «ժողովուրդ» ներկայացնելուց»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան