«Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել». Ջիվան Գասպարյան
Հայաստանի ժողովրդական արտիստ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանն այսօր նշում է 90-ամյակը։ Սիրում է ծննդյան օրերը նշել համեստ, իսկ այս տարի առհասարակ չի նշելու։
«Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել։ Շատ մտերիմ էի Շառլ Ազնավուրի հետ։ Սիրտս չի տալիս, վատ եմ զգում, որ որևէ ձև նշեմ։ Միայն երեխաներս, թոռներս կշնորհավորեն, ստանում եմ նաև հեռախոսազանգեր»,- ասաց Ջիվան Գասպարյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք նշելու ձեր տարեդարձը։
Վարպետի խոսքով, 90 տարիները շատ արագ են անցել, «ոնց որ մեկ օր»։ Այս տարիների ընթացքում չի ցանկացել այնպիսի բան, որ չէր իրականանա։
«Ինչ արել եմ՝ իմ հնարավորությունների չափով»,- ասաց Ջիվան Գասպարյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 26-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակույթի նախարարության կողմից կազմակերպվելու է 90-ամյակին նվիրված համերգ։ Այս տարվա ընթացքում համերգներ է ունենալու Մոսկվայում, Ղազախստանում։
Ջ. Գասպարյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Մայրը վաղ տարիքում մահացել է, իսկ հայրը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվոր, որի պատճառով նա մեծացել է որբանոցում: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկան հասակից` առանց դասավանդումի: 1947թ. ազգային սիրողական համույթի հետ մեկնել է Մոսկվա, որտեղ համերգից հետո Իոսիֆ Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց: 1949-81թթ եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի (այժմ՝ Թ.Ալթունյանի անվան) մենակատար և իր առաջին մասնագիտական հանդիսումը արել է երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր:
1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1957թ. արժանացել է Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի, 1958թ.՝ Էստրադայո արտիստների համամիութենական 3-րդ մրցույթի 1-ին մրցանակներին, իսկ 1959թ, 1962թ, 1973թ, 1980թ արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ոսկե մեդալի` միջազգային փառատոնում մասնակցելու համար, 1973թ. Տաշքենդում՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ժողովրդական ստեղծագործությունների կատարումների միջազգային մրցույթի Մեծ մրցանակին: 1982թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1986թ.-ից եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմտեի մենակատար:
1988թ-ից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Մոսկվայում անգլիացի երաժիշտներ Բրայն Էնոն և Փիթեր Գաբրիելը, լսելով հայ դուդուկահարի կատարումը, հրավիրել են նրան Լոնդոն: Դուդուկահարը, շրջելով աշխարհով մեկ, այլ ազգերին ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը: Մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆիլմեր երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսիք են` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015թ., Ռուսաստան) և այլն: Նրա մի շարք կատարումներ օգտագործվել են արտասահմանյան բազմաթիվ կինոնկարներում: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում: 2001թ. արժանացել է «Ոսկե գլոբուս», 2002թ.` «Womex Aword» միջազգային հեղինակավոր մրցանակների: 2002թ. ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի: Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է: 2017թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին