Նորվեգիայի իշխանությունները որոշել են վնասազերծել ստորջրյա «Չեռնոբիլը»
Նորվեգացիներն ուզում են պաշտպանիչ սարկոֆագով փակել Բերգեն քաղաքի ափին մոտ ծովի հատակը, որտեղ գտնվում է նացիստական U 864 սուզանավը՝ 60 տոննա թունավոր սնդիկով: Սուզանավը խորտակել են բրիտանացիները 1945 թվականին, այն ուղևորվում էր Ճապոնիա: Գերմանացիների նպատակն էր սնդիկը հասցնել դաշնակից ճապոնացիներին: Այդ նյութը հազվադեպ է Ճապոնիայում և անհրաժեշտ էր զենքի արտադրության համար:
Վեստի.ռու կայքը, հղում անելով Sueddeutsche Zeitung-ին, գրում է, ոչ նորվեգացի պաշտոնյաները նավին ուշադրություն են դարձրել միայն 2003 թվականին, երբ տեղի ձկնորսները հաղորդել են, որ իրենց լոկատորները տարօրինակ օբյեկտ են արձանագրել ծովի հատակին: 2005-ին հատուկ ռոբոտների օգնությամբ նորվեգացիները պարզել են, որ ծովի հատակի շուրջ 47 հազար քառակուսի մետր մակերեսը վարակված է սնդիկով: Այդ հատվածն ուզում են փակել հատուկ սարկոֆագով: Նախագիծը ծրագրում են ավարտել մինչև 2020 թվականը, կպահանջվի մինչև 31,5 միլիոն եվրո: