Այց Ազնավուրի հայրենիք, ցեղասպանության հուշահամալիր․ միջազգային մամուլը ներկայացնում է Մակրոնների այցը Հայաստան
Հոկտեմբերի 10-ի երեկոյան Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի հետ՝ մասնակցելու Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին։
Մակրոնների այցը, ինչպես նաև գագաթնաժողովը լուսաբանելու համար Հայաստան են ժամանել մոտ 500 լրագրողներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ֆրանսիական ԶԼՄ-ները։
Panorama.am-ը ուսումնասիրել է ֆրանսիական մամուլը՝ պարզելու, թե ինչ շեշտադրումներով է ներկայացրել Մակրոնների այցը Հայաստան։
Այսպես Сlosermag-ը նյութը վերնագրել է․ «Էմանուել և Բրիջիթ Մակրոնները Շառլ Ազնավուրի հայրենիքում են՝ Հայաստանում»։ Նշվում է, որ Էմանուել ու Բրիջիթ Մակրոնները Հայաստանում են, որտեղ նրանք հարգանքի տուրք են մատուցում Ազնավուրին՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Մակրոնները նաև այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու ծաղիկ դրել անմար կրակի մոտ։
Paris Match-ը նյութը վերնագրել է «Հայաստանում Էմանուել ու Բրիջիթ Մակրոնները հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը»: Նյութում ասվում է, որ Էմանուել ու Բրիջիթ Մակրոններն այցելել են ծիծեռնակաբերդ, ծառ տնկել։ Ասվում է, որ մինչ Էմանուել Մակրոնը, բազում այլ միջազգային պաշտոնյաներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահներ Ծիծեռնակաբերդում ծառ են տնկել։
«Ֆրանսիան երբեք չի մոռանա ու կտանի պայքարը ճշմարտության ու ճանաչման համար»,-ցեղասպանության թանգարանի հուշամատյանում գրել է Էմանուել Մակրոնը։
Actu Orange-ը ներկայացրել է նախօրեի պաշտոնական ճաշի ժամանակ Էմանուել ու Բրիջիթ Մակրոնների հայկական պարը։
France 24-ը Մակրոնի այցը ներկայացնում էր ուղիղ, այն անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին Մակրոնի ելույթին։
Բրիտանական մամուլից Express-ը ևս անդրադարձել է Ցեղասպանության հուշահամալիր այցին ու վերնագրել «Բրիջիթ Մակրոնը վառ կարմիր զգեստով Հայաստանում այցելել է Ցեղասպանության հուշահամալիր»։ Կայքն ուսումնասիրել է Մակրոնի արտաքին տեսքը ու գրել, որ Բրիջիթը որպես զարդ կրում էր միայն իր մեծ ամուսնական մատանին։ Նաև հարցում է դրել կայքում, թե արդյոք գեղեցիկ էր Բրիջիթի տեսքը Հայաստանում, որի մասնակիցների 69 տոկոսը հավանել էին այն։ Նշվում է, որ Բրիջիթն ունի պարզ, բայց շքեղ ոճ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան