Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը «Մարտի 1»-ի հետ կապ չունեն. ՀՔԾ պետ
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենք-ռազմամթերքը կապ չունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Փորձաքննությունն ավարտվել է, «Մարտի 1»-ի դեպքի վայրից առգրաված պարկուճների և գնդակների հետ համընկնում չկա»,- ասաց Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Հովիկ Աբրահամյանի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն արդյո՞ք ավարտվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանելով հարցին, թե Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերվել զենք-զինամթերքն ի՞նչ կապ ունեն Մարտի 1-ի հետ, ասել էր, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։
«Բայց դա վարկած է, որը պետք է ստուգվի»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։
ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյան. Ինձ անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին
- Առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել է Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների անունները. ՔԿ
- Վարկած կա, որ մարտի 1-2-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից հայտնաբերված զենքերով են կրակել. ԱԱԾ տնօրեն
- Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին