Երևանի բնակիչները մայրաքաղաքում փոփոխությունները զգալու են միանգամից. Հայկ Մարության
«Այդպիսի արտահայտություն ես երբևիցե չեմ արել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր այն հայտարարությունը, ըստ որի, պատրաստվում է ապամոնտաժել հին և խորհրդային տարիներին կառուցված շենքերը և դրանց փոխարեն նորը ստեղծել, հասարակության մեջ տարբեր հարցեր է առաջացրել:
«Համացանցում հայտնվում են այնպիսի լուրեր, որ ես կարդում եմ ու զարմանում»,- հավելեց նա:
Ըստ Հայկ Մարությանի՝ խոսքը նրա մասին է եղել, որ ամբողջ աշխարհում ցանկացած շենք ունի իր ծառայելու ժամկետը և երբ այդ ժամկետն ավարտվում է, ապա դրանք ապամոնտաժվում են և դրանց տեղում նոր շենքեր են կառուցում:
«Մոսկվայում արդեն այդ գործընթացը սկսվել է, մեզ մոտ նույնպես վաղ թե ուշ այդ պրոցեսը պետք է սկսվի: Այսօր այդ խնդիրը չկա, բայց 10 կամ 20 տարի հետո այդ խնդիրն առաջանալու է, և մենք, որպես քաղաքային իշխանություն, մեր ծրագրերը պետք է այնպես կազմենք, որ այսօր սկսենք մի պրոցես, որը 20 տարի հետո է իրականացվելու: Իրականում մինչ օրս մոտեցումը հետևյալն էր՝ աշխատեն այսօրվա կամ մեկ տարվա համար, բայց այս մոտեցումը պետք է փոխվի»,- ասաց Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ իրենց մոտեցումը լինելու է այն, որ այն խնդիրները, որոնք առաջանալու են 20, 30 տարի հետո, հենց այսօրվանից սկսեն լուծել:
Հայկ Մարությանը նշեց նաև, որ Երևանի բնակիչները մայրաքաղաքում փոփոխությունները զգալու են միանգամից: «Խոսքը նրա մասին չէ, որ վաղը մենք կզարթնենք և տրանսպորտային համակարգը փոխված կլինի, կամ մյուսը, մյուսը, այլ կփոխվի աշխատանքի ձև, ոճը, իրենց պահանջների և խնդիրների ընդունումը, ճիշտ ժամանակին պատասխանելը և անդրադառնալը լուծմանը ։ Իսկ գլոբալ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև այսօր, աղբահանության խնդիրն է, տրանսպորտը մենք սկսելու ենք լուծել և ընթացքն անպայման մեր քաղաքացիները կտեսնեն»,- նշեց նա:
Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ իրենք անակնկալի չեն գա անձրևների և ձյան ժամանակ։ «Նորից եմ ասում, որ տարիներով այս չլուծած խնդիրները միգուցե մեկ-երկու ամսվա ընթացքում չկարողանանք լուծել, դա շատ պարզ բան է և պատճառներից մեկն էլ նաև մեծ գումարների բացակայությունն է։ Եթե ինչ-որ մեկը լիներ, որ մեր քաղաքին նվիրեր շատ մեծ գումար, մենք անգամ վաղվանից այդ ամեն ինչը կկարողանայինք անել, սակայն մենք այստեղ երկու խնդիր ունենք, առաջինը՝ այդ գումարները հայթայթելը, երկրորդը՝ վերականգնել այդ համակարգերը»,- ընդգծեց քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր նախկին քաղաքապետերը երդմանը հրավիրված են եղել, իսկ թե ինչու չեն եկել՝ կարող եք իրենցից հարցնել. Հայկ Մարության
- Փաշինյանը Մանսուրյանի օրինակով ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի ազնիվ քաղաքացին
- Սա ոչ թե ուղղակի արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ. Հայկ Մարության
- Հայկ Մարությանի երդման արարողությունը