Թրյուդո․ Կանադան ԼՂ հարցում կոչ է անում շարունակական խաղաղ երկխոսության
«Կանադայի վարչապետին տեղեկացրեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մեր ունեցած հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Իհարկե, Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց մենք կարևոր ենք համարում, որ մեր միջազգային գործընկերները տեղեկացված լինեն մեր իրավիճակի ու պատկերացումների մասին՝ այն է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով»,- այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։
Թրյուդոն էլ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը ասաց, որ Կանադան Լեռնային Ղարաբաղի հարցում կոչ է անում շարունակական խաղաղ երկխոսության.«Հույս ունենք, որ այն խաղաղ հանգուցալուծվի բոլոր կողմերի համար։ Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը, ինչպիսին է Մինսկի խմբի գործընթացը՝ լուծելու խնդիրը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»։
«Հայաստանի ու Կանադայի միջև հարաբերություններն խորն են, որը խարսխված է սփյուռքահայ համայնքի, մեր երկար պատմական կապերի, ինչպես նաև այն խանդավառության, որ մենք ունենք ապագայի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ»,- ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ պատասխանելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկու երկրների միջև հարաբերություններին հետագա զարգացմանը։
Թրյուդոն ասաց, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ խոսել են նրա տեսլականի մասին, առ այն, թե ինչպես առաջ շարժվել ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին համահունչ։
«Ինչպես ես եմ պատկերացնում, նա ևս գտնում է, որ կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը շահելը առանցքային է կուռ տնտեսություն, հասարակություն կառուցելու համար։
Այսուհետ ևս մենք շարունակելու ենք միասին աշխատել այս ուղղությամբ»,-ասաց Թրյուդոն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ երկրների ու ժողովուրդների հարաբերությունները առանձին վերցրած քաղաքական գործիչների հարաբերություններ չեն։
«Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունն այն է, որ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնում է ժողովրդին ու այսուհետ ընդմիշտ ներկայացնելու է ժողովրդին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին մասնակից են եղել ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ ողջ աշխարհի հայությունը։
Վարչապետը ասաց, որ առաջիկայում տեղի ունենալիք ընտրությունների առանցքային իմաստն այն է, որ պետական կառավարման բոլոր մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդի կարծիքը։
«Սա է հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում։ Հայաստանում այլևս երբեք ընտրությունները չեն կեղծվելու ու ժողովրդի կամարտահայտությունը չի արհամարհվելու։ Սա ոչ միայն տևական է լինելու, այլ ընդմիշտ ուղեկցելու է մեզ, քանի որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը իմ կամ մեր քաղաքական թիմի պատկերացումը չէ, այլ մեր ողջ ժողովրդի։ Հայաստանում հեղափոխությունն արել է ոչ թե մեր թիմը, կամ ես, այլ ժողովուրդը՝ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,-ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Կանադայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում է ու մասնացում էր նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Անցյալի ճանաչումն առաջին քայլն է դեպի հաշտեցում ու խաղաղություն. Ջասթին Թրյուդոն ցեղասպանության վերաբերյալ
- Թրյուդոյին համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամը և անձամբ իմ ընկերը. Փաշինյան
- Փաշինյանն ու Թրյուդոն՝ եռագույն գուլպաներով
- Թրյուդոն թվիթերում շնորհակալություն է հայտնել Հայաստանին շատ ջերմ ընդունելության համար
- Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու գրառում կատարեց