Անցյալի ճանաչումն առաջին քայլն է դեպի հաշտեցում ու խաղաղություն. Ջասթին Թրյուդոն ցեղասպանության վերաբերյալ
«Կանադան վաղուց ընդունել ու ճանաչել է հայ ազգի ողբերգական ցեղասպանությունը։ Հայկական համայնքը Կանադայում վաղուց է ընդունում ոչ միայն անցյալի ողբերգությունները հասկանալու, այլ նաև երաշխավորելու, որ հետայսու այն չի կրկնվի։Կանադան շատ կարևոր դեր է խաղում աշխարհով մեկ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ՝ նվազեցնելու քաղաքացիների նկատմամբ անօրինական ոճիրների ազդեցությունը։Մենք շարունակելու ենք ջատագովել միջազգային մակարդակով ընդունումն ու ճանաչումը՝ հասկանալով, որ անցյալի ճանաչումն առաջին քայլն է դեպի հաշտեցում ու խաղաղություն»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր է արծարծել հայոց ցեղասպանության հարցը, քանի որ կան երկրներ, որոնք չեն ճանաչել այն։
Պատասխանելով նույն հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի խնդիր չէ, այլ նաև ապագայի կառուցման խնդիր է, որը Հայաստանի համար ունի 2 կարևոր իմաստ։
«Առաջինը Հայաստանն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարին։ Երկրորդը՝ ՀՀ-ի համար ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև անվտանգության խնդիր է, քանի որ, ըստ էության, այսօր մենք ունենք սպառնալիքի շատ նման պոտենցիալ, և որպես կոնկրետ օրինակ՝ մինչև հիմա Հայաստանի սահմանները փակված են Թւրքիայի կողմից ու Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց նաև, որ Թրյուդոյի հետ խոսել են նաև ղարաբաղյան խնդրի մասին ու ընդգծել է, որ կարևոր է միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձնել, թե ինչն է Ղարաբաղի հակամարտության ծագման պատճառը։
«Ցավոք, միջազգային շփումներում երբեմն տպավորություն է, որ այն ընկալվում է տարածքային խնդիր, ինչը սխալ է։ Ղարաբաղի հարցը ծագել է այն համատեքստում, որ Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքը։ Աչքի առաջ ունենալով նախկին ցեղասպանության պատմությունը, մարդիկ ուղղակի պաշտպանել են ապրելու իրենց իրավունքը։ Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է այն ժամանակ, երբ մարդու հիմնարար ՝ ապրելու իրավունքը հայտնվել է սպառնալիքի տակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թրյուդոյին համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամը և անձամբ իմ ընկերը. Փաշինյան
- Փաշինյանն ու Թրյուդոն՝ եռագույն գուլպաներով
- Թրյուդոն թվիթերում շնորհակալություն է հայտնել Հայաստանին շատ ջերմ ընդունելության համար