Թրյուդոյին համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամը և անձամբ իմ ընկերը. Փաշինյան
Բաղրամյան 26-ում այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի համատեղ մամուլի ասուլիսը:
վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կանադայի վարչապետի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության հետ տեղի են ունեցել մի շարք բանակցություններ։
«Ողջունում եմ պարոն Թրյուդոյի այցը Հայաստանի Հանրապետություն, նա Կանադայի առաջին վարչապետն է, որ պաշտոնական այցով Հայաստանում է։ Սա պատմական իրադարձություն է և, ես հույսն ունեմ, որ այս պատմական իրադարձության արդյունքում մեր հարաբերություններում պատմական զարգացումներ կլինեն»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, ներհայաստանյան, միջազգային օրակարգին վերաբերող հարցեր. «Ուրախ եմ արձանագրել, որ բազմաթիվ և բոլոր հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանուր պատկերացումներ»:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Ուրախ եմ, որ ունենք պարոն Թրյուդոյի նման հեղինակավոր քաղաքական գործչի աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի իշխանության զարգացման գործում, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը ամուր հենված են ժողովրդավարական արժեքների վրա: Եւ մենք վստահ քայլերով գնալու ենք առաջ»,- ընդգծեց վարչապետը:
Ինչ վերաբերում է հայ-կանադական հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու երկրների միջև լավ մթնոլորտ է տիրում և հստակ խնդիր են դրել, որ այդ լավ մթնոլորտն անհրաժեշտ է վերածել լավ գործերի, որպեսզի ավելի շոշափելի համագործակցություն տեղի ունենա Հայաստանի և Կանադայի կառավարությունների, գործարար շրջանակների միջև:
«Խոսել ենք նաև մարդկային կապերի ամրապնդման կարևորության մասին, քանի որ երկրների հարաբերություններն առաջին հերթին մարդկանց հարաբերություններն են: Եւ եթե հենց այդ տեսակետից գնահատենք իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ իսկապես Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են, քանի որ այս ընթացքում պարոն Թրյուդոյի հետ մի քանի անգամ հանդիպելու առիթ ենք ունեցել, և կարող եմ արձանագրել, որ նրան համարում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի լավ ընկերը, լավ բարեկամը, այլև՝ անձամբ իմ ընկերը, իմ բարեկամը: Ես ուզում եմ իմ հիացմունքը արտահայտել պարոն Թրյուդոյի անցած քաղաքական ճանապարհի և այն գործունեության համար, որ նա իրականացնում է իր երկրում: Նա բազմաթիվ երիտասարդների ոգեշնչում է լավատեսության ոչ միայն իր երկրում, այլ ամբողջ աշխարհում: Ուրախ եմ սիրելի Ջասթին, ևս մեկ անգամ ողջունել Ձեզ ՀՀ-ում, ողջունել քեզ Հայաստանում, համոզված եմ, որ իրար հետ հանդիպելու, խոսելու դեռ բազմաթիվ առիթներ կունենանք», - ասաց Նիկոլ Փաշինյան։
Նա նաև հույս հայտնեց, որ այդ շփումները կոնկրետ արդյունքներ կբերեն երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի խորացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Թրյուդոն՝ եռագույն գուլպաներով
- Թրյուդոն թվիթերում շնորհակալություն է հայտնել Հայաստանին շատ ջերմ ընդունելության համար
- Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունն ունի լավ պատմություն, սակայն ապագայի շատ ավելի մեծ ներուժ. Կանադայի վարչապետ
- Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու գրառում կատարեց
- Ես հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով. Փաշինյան
- Տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան՝ ամառային արձակուրդների շրջանում. Ջասթին Թրյուդո
- Փաշինյանը Բաղրամյան 26-ում ընդունել է Կանադայի վարչապետին
- Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո
- Կանադայի վարչապետը ժամանեց Երևան
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն