Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում
Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է Միացյալ Նահանգներում իր աստղագիտության և գինեգործության ուսումնասիրություններով ու խաղողի այգիներով, որտեղ ուսանողների պատրաստված գինիները վերջին երկու տասնամյակներին շուրջ 300 մրցանակ են ստացել: Հայերի համար Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է համալսարանի սրտում կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշարձանով ու հայագիտության ամբիոնով:
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, ամբիոնի ղեկավար Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, հայագիտության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բարձր է. «Մեր կենտրոնը դասավանդում է զանազան առարկաներ. Հայերեն լեզվի եւ պատմության, արվեստի, գրականության դասեր: Պետք է ասեմ, բավականին շատ է մեր գործը, քանի որ շատ ուսանողներ կան»:
Նա ասել է, որ համալսարանի 24,000 ուսանողներից շուրջ 500-ը հայ են, հավելել, որ հայագիտություն ուսումնասիրում են ոչ միայն հայազգի ուսանողներ. «Նաև ունենք կրթաթոշակներ ուսանողների համար, որպեսզի օգնենք իրենց կրթություն ստանալ»:
Ֆրեզնոյի պետական համալսարանը միակն է, որի կենտրոնում կառուցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան։
«Ամեն օրը ուսանողները քայլում են, անցնում և սովորում Հայոց ցեղասպանության մասին,- ասել է Բարլո Դեր Մկրտչյանը:
Հուշարձանի սյուներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի: Առաջինը՝ այժմյան Հայաստանն է, հաջորդը՝ խորհրդանշում է պատմական շրջանները, որտեղ 1915-ին տեղի են ունեցել հայկական ջարդերը: Վերջին սյունը խորհրդանշում է Սփյուռքը:
Հավերժության նշանի տակ պատմական եւ ժամանակակից Հայաստանից բերված հող է լցված, այնպես որ, այստեղ կանգնող յուրաքանչյուրը կարող է իրեն Հայաստանի հողի վրա զգալ: Հայաստանից է բերվել նաև հուշարձանի առջև տնկած նռան ծառը:
Հուշարձանի քարերին պատկերված են Հայոց պատմության կարևորագույն դրվագները՝ Տիգրան Մեծից մինչեւ Մաշտոց: Նարեկացի, Էջմիածին, Աղթամար, Անի, Կիլիկիո թագավորություն՝ պատմության բոլոր էջերն այստեղ են, Ֆրեզնոյի պետական համալսարանի սրտում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները