Աժ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել
Հոկտեմբերի 15-18-ը Ժնևում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական և վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը:
Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ համագործակցող Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ:
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային փորձի փոխանակման նպատակով խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողովը Երևանում անցկացնելու հարցը, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերջին տարիներին իրականացված նորամուծությունները և առաջադեմ փորձը: Աշխատաժողովին մասնակցելու իր պատրաստակամությունն է հայտնել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին: