Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ մեր պատասխանը մեզ և ուրիշներին
Նախորդ շաբաթ Երևանում անցկացվեց Ֆրանկֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին նախորդել էին նախարարական և դեսպանական մակարդակով համաժողովները։ Պաշտոնական միջոցառումներից բացի, ֆրանկոֆոնիայի շունչը զգացվում էր նաև ողջ քաղաքում։ Առաջին անգամ էր, թերևս Երևանն այդքան բազմազգ ու, առանց որևէ վիրավորանքի, բազմագույն։ Փողոցներում կարելի էր հանդիպել տարբեր արտասովոր հագուստներով պատվիրակների, սելֆիներ անել Ֆրանսիայի նախագահի կամ Կանադայի վարչապետի հետ, շփվել ու ծաղիկներ նվիրել առաջին տիկնանց։ Չսպասված ոչ աշխատանքային օրերը հնարավորություն տվեցին Ֆրանկոֆոնիայի ավանում ծանոթանալու ՖՄԿ երկրների արհեստներին և արվեստներին, իսկ հրապարակում կազմակերպված գալա-համերգն ու հրավառությունը իսկական նվեր էին տեսալսողական էֆեկտների սիրահարների համար։
Մի խոսքով, Ֆրանկոֆոնիայի գագաթանժողովի օրերին Երևանում մթնոլորտը եթե ոչ տոնական, գոնե հետաքրքրական ու ոչ սովորական էր։ Այդուհանդերձ, քիչ չէին նաև զարմացածներն ու կասկածամիտներ, որոնք գուցե ինչ-որ չափով հիմնավորված տարակուսանք էին հայտնում՝ «մենք ուր, Ֆրանկֆոնիան ուր» կամ «ինչներիս էր պետք» հարցերի տեսքով։
Չցանկանալով այստեղ կրնկնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալման պաշտոնական դրդապատճառներն ու դրա դրական և բացասական կողմերը՝ անդրադառնանք երկու ուղերձի, որը հենց միայն այս միջոցառման կազմակերպումը ենթադրում է։
Առաջին, սա պատասխան էր ինքներս մեզ, մեր անվստահությանն ու սեփական ուժերի թերագնահատմանը։ Այո, Հայաստանն էլ է դարձել մի պետություն, որը կարող է հյուրընկալել նման խոշորամասշտաբ միջազգային միջոցառում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչն է ուրախալի՝ նման միջոցառումներ աշխարհում հաճախակի են կազմակերպվում և դա այսօրվա միջազգային հարաբերությունների բնորոշ երևույթներից է։ Բայց մյուս կողմից ցանկացած երկրի, նույնիսկ մեծ ու հարուստ պետությունների համար, մշտապես պատիվ է, կայացվածության, հարգանքի և հեղինակության նշան, հյուրընկալել կարևորագույն միջազգային միջոցառումները։
Կա նաև տնտեսական գործոնը, ճանաչելիության բարձրացման խնդիրը, որը կարող է նպաստել ներդրումներին և զբոսաշրջությանը։
Հետխորհրդային տարածքում նման խոշոր դիվանագիտական հավաք շատ քիչ է եղել, երբ մի տեղում հավաքվել են մոտ հարյուր պատվիրակություն, որոնցից մոտ չորս տասնյակին ղեկավարել են բարձրագույն մակարդակով։ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հրավիրումը աննախադեպ էր ու ցույց տվեց ի թիվս այլի Հայաստանի պետական իսնտիտուտների կայացվածությունը։ Այն վարչական ու ռեսուրսային առումով մեծ ծարաբեռնվածությունն էր ողջ պետական ապարատի համար։ Եվ եթե հաշվի առնենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները և քաղաքական ղեկավարության փոփոխությունը, ապա պետք է ասել, որ այս գագաթնաժողողվի պատշաճ կազմակերպումը մեծ մարտահրավեր էր, որ Հայաստան պետությունը պատվով կատարեց՝ դրանով իսկ պատասխանելով մեր ներքին ինքնաքննադատությանն ու թերահավատությանը մեր նկատմամբ։
Երկրորդ ուղերձն ուղղված էր թշնամական տրամադրված տարածաշրջանի մեր հարևաններին։ Այն պատասխանն էր արդեն երկու տասնյակից ավելի տևող Հայաստանին շրջափակման մեջ պահող թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Ինչքան էլ փորձեն ցույց տալ, որ Հայաստանը մեկուսացված է միջազգային ասպարեզում և այդ ուղղությամբ ջանքեր գործադրեն, այս գագաթնաժողովը ցույց տվեց, որ այդ քաղաքականությունը պարզապես ձախողվել է։
Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է, ընդունելի և վստահելի գործընկեր։ Ավելին, այն մի վայրը է, որտեղ կարելի է հավաքվել ոչ միայն պաշտոնական գործերով, այլ նաև հաճելի ժամանակ անցկացնելու համար։
Իսկ թե գագաթնաժողովի կազմակերպումը որքանով կնպաստի ֆրանսերենի տարածմանը Հայաստանում, կերևա մոտ ապագայում։ Կարևորը լրացուցիչ վստահության լիցքն էր, որ ստացավ ոչ այնքան ֆրանսախոս, որքան ֆրանսասեր հայ հանրությունը։